Մատչելիության հղումներ

Իրանի ԶՈՒ ԳՇ պետը Ադրբեջանի հետ սահմանին ստուգել է զորքերի մարտունակությունը


Կենտրոնում՝ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամադ Բաղերին, արխիվ
Կենտրոնում՝ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամադ Բաղերին, արխիվ

«Իրանի բանակի զսպիչ կարողություններն առավել քան երբևէ հզոր են», - նախօրեին նման հայտարարությամբ հանդես եկավ իսլամական հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։ Իրանցի գեներալի այս հայտարարությունը հնչեց Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանակից Փոլդաշտ քաղաքում։ Բաղերիի խոսքով՝ ինքն Ադրբեջանի հետ սահման էր ժամանել այստեղ տեղակայված ստորաբաժանումների մարտունակությունը ստուգելու նպատակով։

«Մեր ստորաբաժանումները գտնվում են լիակատար մարտական պատրաստության պայմաններում», - այցի ընթացքում հայտարարում էր Բաղերին՝ ընդգծելով, որ իր ուղևորության գլխավոր նպատակներից մեկը «Ադրբեջանական հանրապետության հետ սահմանի երկայնքով իրականացվող պասիվ պաշտպանության դիտարկումն էր»։

Բաղերիի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններ այցը մեկնարկել էր հուլիսի 18-ին։ Իրանից գեներալը նախ ուղևորվել էր Թավրիզ, որտեղից էլ արդեն մեկնել էր պետական սահմանի Նախիջևանի հատված։ Իրանի պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Բաղերիին Ադրբեջանի հետ սահման այցի ընթացքում ուղեկցում էին Գլխավոր շտաբի պետի տեղակալները և երկրի հյուսիսում տեղակայված մի շարք ստորաբաժանումների հրամանատարները։

Ուղեկցողների թվում էր նաև Իրանի Զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Աբդուլ Ռահիմ Մուսավին, որի խոսքով՝ նման այցերը պարբերական բնույթ են կրում։

«Բարեբախտաբար, մեր զինվորականների պատրաստության մակարդակն ու բարոյական վիճակը գոհացնում են մեզ։ Ճիշտ է, պատրաստությունը հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա է, այնուհանդերձ՝ թշնամին էլ կանգ չի առնում, ուստի մենք պետք է անդադար բարելավենք մեր մարտական կարողությունները՝ դիտարկելով առկա սպառնալիքները։ Այդ նպատակով մենք պետք է օգտագործենք բոլոր նորագույն տեխնոլոգիաները՝ այդ թվում հայրենական արտադրության», - Fars գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը Նախիջևանի հետ սահման այցելության ընթացքում։

Ուշագրավ է, ի դեպ, որ իրանցի բարձրաստիճան զինվորականները Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտի են այցելում Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման փորձերի ֆոնին։ Երկու շաբաթ առաջ Բաքվում էր Իրանի ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլահիանը, որին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Երեք օր առաջ էլ իրանական Աստարա քաղաքում կայացել էր երկու երկրների տնտեսական կապերը համակարգող պետական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կողմերը պայմանավորվել էին գործուն ջանքեր ձեռնարկել մի շարք համատեղ ծրագրերի իրականացման՝ այդ թվում Արաքս գետի վրա գտնվող Խուդաֆերինի ՀԷԿ-ի շինարարությունն ավարտին հասցնելու համար։

XS
SM
MD
LG