Ախուրյան խոշորացված համայնքում տեղական ընտրություններից 1,5 տարի անց դարձյալ իշխանություն փոխվեց։ Ավագանին արտահերթ նիստում հաստատեց համայնքի ղեկավար, դաշնակցական Արծրունի Իգիթյանի հրաժարականը և բաց քվեարկությամբ նոր ղեկավար ընտրեց «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Զավեն Մանուկյանին։
Իշխանությունը կորցրած «Ախուրյան» խմբակցության անդամները, նրանց թվում՝ հրաժարական ներկայացրած Իգիթյանը նիստին չէին մասնակցում։ Իշխանություն ձևավորած մյուս ուժի՝ «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Կարեն Արշակյանը, ով նաև այսօրվա արտահերթ նիստն էր վարում, «Քաղպայմանագրի» թեկնածուի օգտին միակ դեմ քվեարկողն էր։ Պնդեց՝ Իգիթյանի հրաժարականի իրական պատճառներից տեղյակ չէ։
«Ինչի՞ համար հրաժարական տվեց, պարոն Իգիթյանին ուղղեք, քանի որ ես էլ չեմ տեսել մինչև այսօր պարոն Իգիթյանին և հարց չեմ տվել՝ ի՞նչ էր պատճառը հրաժարական տալու: Ես չգիտեմ՝ հնարավոր է առողջական խնդիր է ունեցել կամ ուրիշ հարցեր, բաց էդ չեմ իմանում», - ասաց Արշակյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ախուրյանի դաշնակցական ղեկավարը հրաժարական է ներկայացրելԻնքը՝ Իգիթյանը անցած շաբաթ՝ հրաժարականի դիմումը գրելուց ընդամենը մեկ օր առաջ «Ազատությանն» ասել էր, թե ՔՊ-ն մեկ տարի է՝ փորձում է իշխանությունը իրենց ձեռքից վերցնել, բայց այլ հարցերի չէր պատասխանել։ Իգիթյանի հետ կոալիցիա կազմած Կարեն Արշակյանը կթողնի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, բայց ավագանու մանդատից չի հրաժարվի։
«Մանդատը կմնա, բայց ես չեմ շարունակի, ես ունեմ լրիվ ուրիշ աշխատանքային ոճ: Այն ոճը, որ ես Մարմաշեն խոշորացված համայնքում ունեցել եմ լրիվ տարբերվել է, ավելի շատ բիզնես մտածելակերպի հետ է եղել, ոչ թե համայնքի բիզնեսը զարգացնելու, այլ համայնքները բիզնես տարբերակով զարգացնելու հետ կապված: ամենաուրախ մարդիկ եղան մեր ընտանիքի անդամները, որ իմացան իմ որոշումը, որ ես հրաժարական եմ տալու, չեմ շարունակելու իմ աշխատանքը, բայց որպես ավագանի ես մնալու և շարունակելու եմ աշխատանքները, ներկայացնելու եմ նաև այն ծրագրերը, որոնք իմ կողմից են ներկայացվել, հավանության են արժանացել ավագանու կողմից, մինչև 26 թվականի բոլոր ծրագրերը կյանքի ենք կոչելու, շարունակելու ենք», - ասաց Արշակյանը:
2021-ին Ախուրյանում պարտված ՔՊ-ն կարողացավ այստեղ իշխանության գալ՝ ավագանու կազմում ավելացնելով իր անդամների թիվը, նրանց երկու հոգի «Ախուրյան» խմբակցությունից միացան, ինչի շնորհիվ մեծամասնություն դարձան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ախուրյան համայնքում տեղական ընտրություններից 1,5 տարի անց իշխանափոխություն կլինիՀամայնքի նորընտիր ղեկավար Զավեն Մանուկյանը մոտ 3.5 տարի է պաշտոնավարելու։ Այսօր պնդեց՝ իշխանափոխությունը տեղի ունեցավ օրենքի տառին համապատասխան։
«Իշխանություն վերցնել չեմ կարող ասել դուք ինչ ի նկատի ունեք, բայց ընդհանուր ամբողջ գործընթացը եղել է օրենքի տառին համապատասխան, բոլորը եղել է օրենսդրության համաձայն: Դուք ինքներդ ներկա եք եղել նիստին և տեսել եք մասնակիցներին ու քվեարկությունը», - նշեց Մանուկյանը:
Առաջիկայում համայնքապետարանում կադրային փոփոխություններ կլինեն, Զավեն Մանուկյանի թիմակիցները կհամալրեն հայեցողական պաշտոնները։ Նաև որոշ համայնքների վարչական ղեկավարները կփոխվեն: