Մատչելիության հղումներ

Ախուրյան համայնքում տեղական ընտրություններից 1,5 տարի անց իշխանափոխություն կլինի


33 համայնք միավորող Ախուրյան համայնքում տեղական ընտրություններից 1,5 տարի անց իշխանափոխություն կլինի։ Մոտ 49 տոկոս քվե ստացած «Քաղաքացիական պայմանագիրը», որը 2021-ին չկարողացավ այստեղ իշխանություն ձևավորել, վերջին շաբաթներին հաջողացրել է ավագանիում ավելացնել իր անդամների թիվը՝ դառնալով մեծամասնություն։ ՔՊ-ին ավագանու այլ ուժերից են անդամներ միացել։

Շիրակի ՔՊ-ական մարզպետ Մուշեղ Մուրադյանը չհերքեց, որ իշխող ուժը Ախուրյանում իշխանափոխության է գնում. - «Այո, գնում է իշխանափոխության, բայց մինչ գնալն ասեմ՝ պրոցեսը սկսվել է «Ախուրյան» դաշինքից, այսինքն, գործող համայնքի ղեկավարի նկատմամբ իր իսկ խմբակցության ավագանին անվստահություն է հայտնել, բնականաբար, մենք էլ՝ «Քաղաքացիական պայմանագրի» մեր թիմը մեր թեկնածուին է առաջադրել, մեր թեկնածուն Մանուկյան Զավենն է, մեր ավագանու երկրորդ համարն է: Եվ հիմա քաղաքական պրոցես է, արդեն իսկ իրենց կողմից մեզ միացողներ են եղել ու առաջիկայում շարունակվում է, հուսով եմ մենք կտեսնենք տրամաբանական ավարտ մոտ օրերս»:

Երեկվանից համառ լուրեր են շրջանառվում Ախուրյանի գործող համայնքապետ, դաշնակցական Արծրունի Իգիթյանի հրաժարականի մասին։ Այսօր նրան համայնքապետարանում հանդիպեցինք՝ աշխատասենյակից դուրս գալու պահին։

«Չէ, չեմ տվել հրաժարական», - նշեց Իգիթյանը:

«Ազատության» հարցին՝ «ի՞նչ կասեք, փորձում են իշխանությունը ձեզանից վերցնել», նա պատասխանեց. - «Էդ մեկը նոր չէ, արդեն տարուց ավելի է փորձում են»:

Այլ հարցերի Իգիթյանը հրաժարվեց պատասխանել։ Ախուրյանում իշխանափոխության հնարավոր երկու սցենար կա՝ կա՛մ համայնքի գործող ղեկավարը հրաժարական է տալիս, կա՛մ ավագանին օրենքի ուժով նիստ է հրավիրում՝ անվստահություն հայտնում գործող համայնքապետին ու նորին ընտրում։ Մոտ մեկ ամիս առաջ նման նիստ հրավիրել էին, սակայն այն չկայացավ։

Դեռ իշխող կոալիցիոն երկու ուժերը՝ «Ախուրյան» ու «Հաղթանակ» խմբակցությունները՝ «Քաղպայմանագրին» են մեղադրում, որ համայնքի կառավարման հարցում խոչընդոտներ է ստեղծում։ ՔՊ-ական մարզպետը հակառակն է պնդում:

«Երբ որ համայնքը կառավարման հունից դուրս է գալիս, այսինքն, կարծես թե ռելսերից դուրս է գալիս, չի կառավարում: Ախուրյանում այս իրավիճակն է, և այդ իրավիճակը ստեղծվել է իրենց ներթիմային ինչ-որ հարաբերություններից», - ասաց Մուշեղ Մուրադյանը:

Արծրունի Իգիթյանի հրաժարականից կամ նրան անվստահություն հայտնելուց հետո ՔՊ-ն համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրելու է «Ախուրյան» բժշկական կենտրոնի տնօրեն Զավեն Մանուկյանին։ Վերջինս տարակուսում է, թե ինչո՞ւ դեռ հրաժարական չի տվել գործող համայնքապետը, երբ արդեն ակնհայտ է, որ ՔՊ-ն մեծամասնություն և իշխանությունը վերցնելու ցանկություն ունի. - «Տրամաբանությունը չեմ հասկանում հրաժարական չտալու»:

Իսկ ինչպե՞ս կարողացան վերջին մեկ ամսում հակառակ թիմից 2 հոգու իրենց խմբակցություն բերել։ ՔՊ-ից պնդում են, թե ոչ մի ջանք չեն թափել այդ հարցում. - «Չենք համոզել, դա նրանց որոշումն է եղել»:

Փաստացի առաջիկայում Ախուրյանի ավագանիում դերերը կփոխվեն՝ իշխող ուժերը ընդդիմադիր կդառնան, իսկ 1,5 տարի ընդդիմություն եղած «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իշխանություն։

XS
SM
MD
LG