Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Միջազգային քրեական դատարանից խնդրում է թույլ տալ չձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այն դեպքում, եթե վերջինս այցելի Յոհանեսբուրգ՝ BRICS-ի ժողովին մասնակցելու համար:
«Հարավային Աֆրիկան ակնհայտ խնդիրներ ունի նախագահ Պուտինին ձերբակալելու և արտահանձնելու խնդրանքը կատարելու հարցում: Ռուսաստանը նկատել է տվել, որ իր նախագահի ձերբակալությունը կհամարի պատերազմի հայտարարություն», - ասվում է Ռամաֆոսայի ուղերձում:
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը, չմանրամասնելով, նշել է, որ այդ հարցի շուրջ քննարկումներ է անցկացնում ՄՔԴ-ի հետ:
BRICS-ի գագաթնաժողովը, որին հրավիրված է Վլադիմիր Պուտինը, պետք է տեղի ունենա օգոստոսին:
Հարավային Աֆրիկան Հռոմի ստատուտը ստորագրած երկրներից է և պարտավոր է կատարել ՄՔԴ-ի որոշումներն ու ձերբակալել հետախուզման մեջ գտնվող ամբաստանյալներին, այդ թվում՝ Պուտինին:
Կրեմլը հայտնել է, որ Յոհանեսբուրգում կայանալիք գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահի մասնակցության ձևաչափը դեռ որոշված չէ։