Պարոն Բալասանյանը ունի ծանրակշիռ փաստարկներ իր անմեղությունը հիմնավորող հանգամանքների շուրջ. փաստաբան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան միանգամից երեք մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ինչպես նաև թմրամիջոցներ պահելու համար:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի փոխանցմամբ, 64-ամյա Բալասանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Մարտիրոսյանը այլ մանրամասներ հրաժարվեց ներկայացնել, մասնավորապես, թե ինչ թմրանյութի ու զենք-զինամթերքի մասին է խոսքը. - «Պարոն Բալասանյանը ունի ծանրակշիռ փաստարկներ իր անմեղությունը հիմնավորող հանգամանքների շուրջ»։

Ըստ պաշտպանի, մեկ այլ քրեական գործով Բալասանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար։ Սակայն ամիսներ առաջ հարուցված քրեական գործի հանգամանքները ևս ո՛չ փաստաբանը, ո՛չ էլ իրավապահները չեն բացահայտում, պարզ չէ, թե ինչ չափի հափշտակության ու գույքի մասին է խոսքը, և արդյոք դա տեղի է ունեցել Բալասանյանի ղեկավարած Անվտանգության խորհրդում։

Փաստաբանը միայն պնդում է, թե դատարան են ներկայացրել այնպիսի ապացույցներ, որոնք հերքում են իրավապահներին։ Ընդ որում, Մարտիրոսյանը այժմ մեկ վարույթով քննվող քրեական գործի մանրամասները չի հրապարակում՝ դա բացատրելով Արցախում ստեղծված ճգնաժամով. - «Հայտարարել ենք, որ մենք չենք անելու այնպիսի հայտարարություններ, որոնք սպառնում են մեր երկրի անվտանգությանը։ Առանց այն էլ մեր երկրի սոցիալական միջավայրը խեղված վիճակում է։ Խորացնելու վտանգ կա, եթե մենք այդպիսի հայտարարություններ անենք»։

Դատարանը երեկ մերժել է Վիտալի Բալասանյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։

«Դատարանը մերժել է կալանավորման միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով», - պարզաբանեց փաստաբանը։

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը ձերբակալվել էր հուլիսի 13-ի երեկոյան, նույն օրը իրավապահները ձերբակալել էին նաև նրա որդուն, եղբորը։ Նրանք ավելի վաղ էին ազատ արձակվել։

Ձերբակալությունը հարթ չէր անցել, իրավապահների և Բալասանյանի միջև միջադեպ էր եղել։ Փաստաբանը պնդել էր, որ Վիտալի Բալասանյանը ձերբակալության ընթացքում մարմնական վնասվածքներ, կապտուկներ է ստացել։

Արցախի դատախազությունն Բալասանյաններին ձերբակալելուց հետո հաղորդել էր, թե Բալասանյանի որդուն «տրամադրվել է 74 միլիոն հինգ հարյուր հազար դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային»։ Բայց մինչ այս պահը Արցախի իրավապահները պաշտոնապես ոչ մի տեղեկություն չեն հրապարակել անձամբ Վիտալի Բալասանյանի մեղադրանքի թմրանյութերին ու զենքին առնչվող դրվագների մասին։ Պաշտոնական հաղորդագրությունում նշված էին միայն իրավապահների հետ միջադեպի մանրամասները։

Վիտալի Բալասանյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվել էր այս տարվա հունվարին։ Պաշտոնապես այդպես էլ չհստակեցվեց նրան հեռացնելու պատճառը։ 44-օրյա պատերազմից հետո հենց նա էր հումանիտար հարցերի շուրջ բանակցում ադրբեջանական կողմի հետ։