Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նստացույց է սկսում Ստեփանակերտում՝ միանալով Վերածննդի հրապարակում մեկնարկած ակցիային: Այս մասին հայտարարեց ինքը՝ Հարությունյանը՝ հանդես գալով ուղերձով:
«Սա լրացուցիչ ճիգ է միջազգային ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը պարտադրել կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների», - ասաց Արայիկ Հարությունյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վիճակն օրհասական է, ամեն հաջորդ օրն՝ ավելի ծանր». բազմամարդ հանրահավաք՝ Լեռնային ՂարաբաղումՀարությունյանը նշեց՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում «միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն», ապա դրանից հետո կդիմեն ավելի կոշտ գործողությունների՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:
Արցախի նախագահն ընդգծեց՝ «շրջափակման ընթացքում հույս ենք ունեցել, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ կվերացնեն շրջափակումը, կկանխեն դրա հետագա խորացումը, սակայն մենք լսել ենք միայն բարի խոսքեր, բայց ոչ եռակողմ հայտարարության, ոչ ՄԱԿ-ի միջազգային դատարանի հրամանների, ոչ ՄԻԵԴ-ի որոշումների, ոչ էլ այլ դերակատարների կոչերի գործնական կատարում այդպես էլ չտեսանք»:
Նա նշեց, որ այս ակցիայով ակնկալում են, որ Հայաստանը, Ռուսաստանը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և այլ լիազոր մարմիններ՝ «զերծ կմնան առաջին հերթին Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց ու անտեսելուց, իսկ այնուհետև կկատարեն իրենց պարտավորությունները եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հրամանների պատշաճ կատարման ուղղությամբ»:
Արցախի նախագահը վստահություն հայտնեց, որ տարբեր երկրներում նստացույցների և բողոքի ակցիաներով միջոցով հնարավոր է շոշափելի արդյունք ապահովել այս պայքարում. - «Միջազգային հանրությունը պետք է զգա հայ ժողովրդի վճռական կամքն ու սատարումը Արցախին, քանի որ Արցախի հայկական ու արժանապատիվ ապագայի բանալին հենց հայ ժողովրդի ձեռքերում է»:
«Նստացույցին միանալն իմ սահմանադրական, քաղաքացիական ու ազգային պարտավորություններին ուղղված ծայրահեղ քայլ է, այս իրավիճակում ես ավելի արդյունավետ այլ տարբերակ չեմ գտել», - ասաց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այն որևէ կերպ չի ազդի պետական համակարգի գործունեության վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ․ ՊԲԱրցախի նախագահն ասաց՝ «մենք պայքարում ենք մեր ինքնորոշման իրավունքի անօտարելի իրացման, ճանաչման ու պաշտպանության համար»:
Հարությունյանն ընդգծեց՝ «Արցախի բնակչության տեղաշարժի խոչընդոտները, վերջին մեկ ամսում նաև հումանիտար մատակարարման ամբողջական արգելքը, գազամատակարարման և էլեկտրամատակարարման արգելքը, ռազմական ագրեսիաներն ու սադրանքները նպատակ ունեն ճնշելու Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը՝ բռնի կերպով հպատակեցնելու և ի վերջո հանգեցնելու էթնիկ զտման»:
«Մենք պայքարում ենք մեր սեփական հայրենիքում մեր արժանապատիվ կյանքի և ինքնորոշման անօտարելի իրավունքի իրացման, ճանաչման ու պաշտպանության համար, իսկ այդ իրավունքը բնական է ու ենթակա չէ սակարկման ու զիջման: Ադրբեջանում տիրող հայ ժողովրդի դեմ էթնիկ ատելության ու խտրականության համակարգային քաղաքականության պայմաններում Արցախի հայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև», - հայտարարեց Հարությունյանը: