Մոսկվան պնդում է, թե կանխել է Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի սպանությունը

Մարգարիտա Սիմոնյան, Քսենիա Սոբչակ

Ռուսաստանյան իրավապահները պնդում են, որ կանխել են Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի սպանությունը։

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, Մոսկվայում և Ռյազանի շրջանում ձերբակալվել են «նեոնացիստական խմբավորման անդամներ», որոնք, ըստ գերատեսչության, նախապատրաստում էին Russia Today պետական քարոզչական ալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև հայտնի հեռուստաաստղ Քսենիա Սոբչակի սպանությունը։

Ռուսաստանյան հատուկ ծառայության պնդմամբ, սպանության պատվիրատուն Ուկրաինան է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քսենիա Սոբչակը գլխավորում է Ինստագրամում գովազդից ամենաշատ եկամուտ ստացող ռուսաստանցի բլոգերների ցանկը

ԱԴԾ հաղորդագրությունում նշվում է, որ նախօրեին խումբը հետախուզություն է իրականացրել լրագրողների աշխատանքի և բնակության վայրերի մոտ։ Թե քանի հոգու մասին է խոսքը, չի հստակեցվում։

«Քննչական գործողությունների ընթացքում նրանք հաստատել են մահափորձերի նախապատրաստումը Ուկրաինայի Անվտանգության ծառայության ցուցումով՝ յուրաքանչյուր սպանության համար 1,5 միլիոն ռուբլու պարգևի դիմաց», - ասվում է ԱԴԾ պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Միխալկովի, Կիրկորովի, Սիմոնյանի և այլ գործիչների նկատմամբ

Դրանում նշվում է նաև, որ խուզարկությունների ընթացքում ձերբակալվածներից առգրավվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, պարկուճներ, դանակներ, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, ինչպես նաև կապի միջոցներ և համակարգիչներ։

Անցյալ տարվա գարնանը ԱԴԾ-ն հայտնել էր ռուս նեոնացիստների խմբի ձերբակալության մասին, որոնք իբր Կիևի հրահանգով մահափորձ էին նախապատրաստում կրեմլամետ քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի դեմ։ Ուկրաինական կողմը հերքել էր մեղադրանքները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ФСБ-ն պնդում է, թե կանխել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը