Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքն ընդունվել է, բայց դեռ չի կիրառվում՝ մեխանիզմներ չկան

Հայաստանում արդեն մեկուկես ամիս է՝ ուժի մեջ է Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքը, որը, սակայն, փաստացի մինչ օրս չի կիրառվել․ պարզվում է՝ դրա համար անհրաժեշտ մեխանիզմները չկան։

Թերություններից տեղյակ է նաև պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որն օրենքի նախաձեռնողներից է։

«Այն, ինչի-որ ձգտել ենք, փաստացի, տեքստի առումով, հասել ենք, բայց տեխնիկական առումով կան որոշակի խնդիրներ, որոնց վրա աշխատում ենք, որպեսզի շտկենք և օրենքը լիարժեք կիրարկենք։ Խստացել է ավելի, բայց շատ ավելի կարգավորված, մինիմալ կոռուպցիոն ռիսկերով և ձգտել ենք նրան, որ գործընթացը կարգավորված լինի և պարտադիր իր մեջ ներառի ուսումնական գործընթաց», - ասաց Գաբրիելյանը։

Վիլեն Գաբրիելյան

Նոր օրենքի գլխավոր նորությունը պահանջն է, որ զենք ունենալու համար չափահասները պետք է քննություն հանձնեն դրա կիրառման և անվտանգության վերաբերյալ։

«Ներքին գործերի նախարարությունը պետք է համապատասխան հրաձգարանները և այլ իրավաբանական անձանց լիցենզավորի և պատվիրակի, որպեսզի այդ քննությունն անցկացնեն իրենք՝ Ներքին գործերի սահմանած չափորոշիչներով», - ասաց իշխանական պատգամավորը։

Օրենքը պարտադրում է բոլորին մարզվել և հանձնել քննություն, իսկ որտե՞ղ։ Հայաստանում կան մի քանի հրաձգարաններ, սակայն մասնգետների խոսքով՝ դրանք ժամանցի, ոչ թե մարզվելու համար են։

Երևանից ոչ հեռու՝ Ողջաբերդում կրակելու համար հատուկ տարածք ունեցող «Ազատազէն» կազմակերպությունն էլ դիմել է՝ քննություններ անցկանցելու լիցենզիա ստանալու համար, բայց՝ մերժվել։ Ոստիկանությունը պատճառաբանել է՝ որակավորված մարզիչ չունեք։

«Մենք ունենք այդ հրահանգիչներին, ովքեր որ անցել են միջազգային փորձ, ծառայել են խաղաղապահ ուժերում ժամանակին, անցել են պատերազմի ուղղով, անցել են դասընթացներ տարբեր միջազգային կազմակերպություններում, ունեն սերտիֆիկատներ, որակավորումներ և այլն, ծառայել են Պաշտպանության նախարարությունում, բայց մեր Զենքի շրջանառության մասին օրենքը և համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ասում են, որ պետք է ներկայացնես համապատասխան որակավորման վկայական, որը տրամադրել է Հայաստանի ներքին գործերի նախարարության Ոստիկանությունը», - «Ազատությանն» ասաց «Ազատազէնի» խորհրդի անդամ, փաստաբան Տարոն Բաղդասարյանը։

Պարզվում է՝ որակավորված մարզիչներ էլ չկան, քանի որ ոստիկանությունը չունի նրանց ստուգող հանձնաժողով, նկատում է «Ազատազէնի» խորհրդի անդամը։

«Մենք խնդիր չունենք էդ քննության հետ, մենք պատրաստ ենք էդ քննությունը հանձնել, թող տեղը ասեն, չկա հանձնաժողով», - ասաց Տարոն Բաղդասարյանը։

Տարոն Բաղդասարյան

Նա դատական հայց է ներկայացրել ոստիկանության դեմ։ «Պետական լիազոր մարմինն իրավունք չունի մերժելու քաղաքացուն, քաղաքացու վրա դնելու պարտականություն որը նույն պետական լիազոր մարմնի մեղքով հնարավոր չէ կատարել։ Այսինքն՝ դու չես կարող անձից պահանջել կատարելու գործողություն, որը վերջինս չի կարող կատարել, դա վարչարարության հիմնարար սկզբունքների խախտում է համարվում», - ասաց Բաղդասարյանը։

«Ազատազէնի» անդամը հիշեցնում է՝ այս կարգավորումներն ընդունելու շուրջ քննարկումները սկսվեցին պատերազմի ժամանակ՝ նախևառաջ սահմանամերձ համայնքների բնակիչների համար։ Սակայն, օրենքի ընդունումից հետո նրանց զինվելու հարցը փաստացի չի լուծվելու, քանի որ գրեթե ոչ մի մարզում չկա ո՛չ պարապելու հրաձգարան, ո՛չ քննություն հանձնելու վայր։

«Հիմա, եթե անձնը գտնվում է սահմանամերձ բնակավայրում, եթե ուզում է զենք, ինքն էդ քննությունը որտե՞ղ է հանձնելու, այդ հարցին իրոք տրվե՞լ է գնահատական, թե՞ չէ, արդյո՞ք Ոստիկանության համապատասխան բաժինը որակապես կարողանալու է դա ապահովել», - հարց է բարձրացնում Բաղդասարյանը։

Միանշանակ չեն պատկերացումները նաև նման օրենք ունենալու անհրաժեշտության մասին առնվազն այն ընդունող պատգամավորների շրջանում։ Օրերս իշխող ուժի պատգամավոր Հակոբ Ասլանյանը խորհդարանում հայտարարեց՝ զենքն անհրաժեշտ է նաև շներից պաշտպանվելու համար։

Հակոբ Ասլանյան

«Մարդն իրավունք ունի ինքնապաշտպանվելու, և պետությունը չէ, որ միշտ կանգնած է մարդու կողքին, երբ որ մարդը մենակ գնում է և ինչ-որ, ենթադրենք, սոված շներ կարող են հարձակվել ու նրան ուտել և նա զրկված է ինքնապաշտպանությունից», - ասել էր Ասլանյանը։

Մասնագետները, սակայն, նկատում են, որ բնակավայրերում շրջող շների հարցով պարտավոր են զբաղվել Տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ զենք ունենալու դեպքում շների վրա կրակել չի թույլատրվում․ օրենքն արգելում է շարքային քաղաքացիներին կրել լիցքավորված զենք ու դրանով շրջել գյուղերում կամ քաղաքներում։