Լիազորություն ունենալու դեպքում ղարաբաղյան բանակցություններում հայանպաստ շրջադարձի մասին խոստումից օրեր անց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնաբանում է, թե ինչ նկատի ուներ, ինչ գործիքներով է հնարավոր հասնել այդ նպատակին։
«Ես մեկ անգամ ևս կրկնում եմ իմ առաջարկը, ես վստահ եմ, որ դա հնարավոր է անել։ Եվ ինչպես նախորդ իմ գրառումներում, ձայնագրությունում ասել եմ, պատրաստ եմ պատասխանատվություն վերցնելու այդ գործը առաջ տանելու համար», - հայտարարել է Օսկանյանը։
«Փաշինյանը դիվանագիտությունից հեռու է, և դա փաստ է», - պնդում է նախկին դիվանագետը՝ ավելացնելով, որ կառուցված սխալ բանակցային նարատիվն ու բանակցային ոչ ճիշտ քայլերը է'լ ավելի բարդ դրության են հասցրել հայկական կողմին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օսկանյանը լիազորություն ստանալու դեպքում խոստանում է բեկում մտցնել բանակցային գործընթացումՆախկին արտգոծնախարարն առաջարկում է փոխել բանակցային փիլիսոփայությունը. - «Ոչ թե որ մենք ամեն գնով պետք է հասնենք ինչ-որ խաղաղության պայմանագրի ստորագրման, այլ ընդամենը այս փուլում մենք պետք է փորձենք Ադրբեջանի հետ որոնել այն հնարավոր ճանապարհները և միջոցները, որը հնարավորություն կտա երկու ժողովուրդներին հասնել արդար և կայուն խաղաղության»։
Օսկանյանի հաջորդ առաջարկը բանակցային օրակարգն ընդլայնելն է։ Ըստ նախկին նախարարի, ներկա օրակարգում հայկական պահանջ չկա, և պետք է ներառել այն հանգամանքը, որ Ղարաբաղը խորհրդային տարիներին ինքնավար մարզ է եղել. - «Եթե նա համարձակվում է անկլավների հարց դնել, բայց այդ նույն քարտեզները, որ այդ անկլավները ցույց են տալիս, ցույց են տալիս նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Եվ այստեղ ուղղակի հակափաստարկ չկա»։
Նախկինում Արցախի ինքնավար մարզ լինելը բանակցություններում ամրագրելը հնարավորություն կտա ավելի հայանպաստ լուծում գտնել։ Իր այս միտքն Օսկանյանն ավելի մանրամասն բացատրել էր օրեր առաջ մեկ այլ ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում։ Օսկանյանի խոսքով, մի շարք միջազգային փաստաթղթերում ամրագրված է, որ տարածքային ամբողջականությունը հարգվում է, և բացառություն կարող են լինել այն դեպքերը, երբ որևէ պետություն չի հարգում կոմպակտ ապրող ժողովուրդների ներքին ինքնորոշման իրավունքը. - «Չեն հարգում կամ մերժում, ժխտում են իրենց տարածքում կոմպակտ ապրող ժողովուրդների ներքին ինքնորոշման իրավունքը։ Եթե այդ իրավունքը չի հարգվում, ապա այդ ժողովուրդները իրավունք ունեն արդեն արտաքին ինքնորոշման։ Այս հարթությունում ինքնորոշման իրավունքը ունի իր հստակ ձևակերպումը և դրսևորումը։ Նախադեպերի հարթությունում կա երեք կարևոր դատարանների որոշում, որոնք ամրագրում են նույն այս սկզբունքը»։
Օսկանյանի համար հասկանելի չէ, թե ինչու այս գործիքը բանակցություններում չի կիրառվում։ Դրա փոխարեն, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները շտապել են հայտարարել , թե Արցախն Ադրբեջանում է. - «Արցախ, որ պատմականորեն եղել է հայկական, Արցախ, որ երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, Արցախ, որ 75 տարի սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ, Արցախ, որ նախորդ երեսուն տարիներին եղել է անկախ քաղաքական միավոր։ Այս Արցախը մենք ուզում ենք պարզապես նվիրել Ադրբեջանի՞ն, պարզապես տա՞լ... Իրո՞ք, էս ա մեր իշխանությունների կարողությունը»։
Չափավոր, ճկուն, տրամաբանված, առանց մաքսիմալիստական պահանջների ներկայանալով բանակցություններին՝ հնարավոր կլինի հասնել Արցախի ինքնավարության նպատակին, վստահ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտոնավարած դիվանագետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ես չեմ կարծում, որ վիճակն անելանելի է. Սերժ ՍարգսյանՕսկանյանի ֆեյսբուքյան եթերի ընթացքում ներկայացված նոր մեկնաբանություններին իշխանություններից դեռ արձագանք չկա, ընդդիմադիրներից նրան լսել էր 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը. - «Վիճակը կարող է փոխվել՝ եթե փոխվեն բանակցողները. միանշանակ է։ Ես երեկ ուշադիր լսել եմ Վարդան Օսկանյանի առաջարկությունները։ Կարծում եմ, տրամաբանական են։
Սարգսյանը բանակցային ներկա վիճակը նաև անվանել էր ծանր, սակայն ոչ անելանելի։
3-րդ նախագահի հետ համաձայն են իշխող «Քաղաքացիական պայմանագրում»։
«Իրավիճակն անելանելի չէ, բանակցում ենք, որ այդպես չլինի», - ասում է պատգամավոր Գևորգ Պապոյանը։ - «Սերժ Սարգսյանը տասը տարի եղել է բանակցող, ինչո՞ւ էդ հնարավորությունները չի ստեղծվել։ Տասը տարի Սերժ Սարգսյանը եղել է գլխավոր բանակցող, որի արդյունքում տեղի է ունեցել պատերազմ՝ ապրիլյան պատերազմը, և որի արդյունքում ինքը իր պաշտոնավարման վերջին օրը, երբ որ վարչապետ էր ընտրվում, հայտարարել է, որ վիճակը ըստ էության անհուսալի է, և չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը ուխտադրուժ կերպով չի հարձակվի։ Այսինքը՝ մարդը պարզ կանգնել-ասել ա, որ պատերազմ ա սպասվում, այլընտրանք չկա»։
Մյուս կողմից, Պապոյանը հարց է բարձացնում՝ եթե Սերժ Սարգսյանն ու Վարդան Օսկանյանը պատաստ են բանակցել, ապա ում կողմից ստացված մանդատով։ Նա հիշեցնում է որ վեջին ընտրություններին բանակցելու մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», որի գլխավոր նպատակն այն է, որ Արցախում արցախցիները շարունակեն ապրել այնպես, ինչպես ապրել են նախկինում։