ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովին մասնակցելու որոշում Զելենսկին «դեռ չի կայացրել»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ֆոնին՝ ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի դրոշները, արխիվ

Վաղը Վիլնուսում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու որոշում Ուկրաինայի նախագահը դեռ չի կայացրել, հայտարարել է երկրի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։

«Վերջնական որոշում այցի վերաբերյալ դեռ չկա։ Մենք լիովին չենք հասկանում Վիլնյուսում կայանալիք բոլոր հանդիպումների ձևաչափը և լիովին չենք հասկանում, թե ինչ փաստաթղթեր են դրվելու սեղանին», - ասել է Ուկրաինայի փոխվարչապետը:

Ստեֆանիշինայի խոսքով՝ նախագահի՝ գագաթնաժողով գնալու հարցը կախված կլինի վերջնական փաստաթղթերից։ «Առաջնորդների առջև սեղանին ամփոփիչ փաստաթղթեր են լինելու, որոնք առաջարկվում է ընդունել գագաթնաժողովի արդյունքներով։ Հիմա մենք չգիտենք, թե ինչ կլինի այդ փաստաթղթերում», - պարզաբանել է փոխվարչապետը։

Հունիսի վերջին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան ասել էր, թե Զելենսկին չի մասնակցի Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե դաշինքի անդամ երկրների ղեկավարները չպատասխանեն Ուկրաինայի անդամակցության դիմումին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին պահանջում է Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցության հրավեր տալ

Հուլիսի 7-ին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն, այդուամենայնիվ, հայտնել էր, որ Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ներկա է լինելու և մասնակցելու է Ուկրաինա-ՆԱՏՕ նոր խորհրդի առաջին հանդիպմանը։

ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ կոչ են անում դաշինք հրավիրել Կիևին, մյուսները կարծում են, որ դաշինքը պետք է քննարկի Ուկրաինայի դիմումը Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո։ The Telegraph-ը գրել է, թե մասնավորապես Գերմանիան վաղը մեկնարկելիք գագաթնաժողովում մտադիր է պնդել, որ Ուկրաինային պետք չէ հրավիրել դաշինք, քանի դեռ չի ավարտվել պատերազմը, և պետք է կենտրոնանալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա։

Ստոլտենբերգն, ամեն դեպքում, խոստացել է, որ Վիլնյուսում կայանալիք հանդիպմանը ՆԱՏՕ-ի անդամները հանդես կգան դաշինքին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ միասնական դիրքորոշմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին կմասնակցի ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովին

Մինչ այդ, Միացյալ Նահանգների նախագահը նախօրեին CNN-ին տված հարցազրույցում որոշ փակագծեր բացել է՝ ասելով, թե Ուկրաինան դեռ պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն կկարողանա դիտարկել Ուկրաինայի անդամակցության հարցը միայն պատերազմի ավարտից հետո։

Ջո Բայդենը միաժամանակ հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կշարունակեն Կիևին տրամադրել Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմին վերջ տալու համար անհրաժեշտ սպառազինությունը։

Ընդ որում, Բայդենը հայտնել է, որ մինչև պատերազմը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինային ՆԱՏՕ չընդունելու խոստում տալու պահանջները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմի թեժ շրջանում Ուկրաինան պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին․ Բայդեն