Շատ կարևոր է, որ առանց սահմանափակումների վերականգնվի էներգամատակարարումը, տեղաշարժը Լաչինի միջանցքով. Կլաար

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, արձագանքելով Արցախի գազամատակարարման՝ կարճ ժամանակով վերականգնման հետ կապված իրավիճակին, Թվիթերի իր էջում գրել է. - «Խոստումնալից սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ և հուսախաբությամբ»:

«Ինչպես բազմիցս կրկնել է Եվրամիությունը, շատ կարևոր է, որ էներգիայի մատակարարումը վերականգնվի առանց սահմանափակումների, ինչպես նաև մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով», - ընդգծել է Կլաարը։

Շաբաթ երեկոյան վերականգնվել էր Արցախ գազի մատակարարումը, սակայն երեկ կեսօրին ադրբեջանական կողմը կրկին լրիվ անջատել է այն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախյան կողմի հետ գազամատակարարման վերականգնման, ապա խափանման թեմայով «որևէ հաղորդակցություն տեղի չի ունեցել»Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազամատակարարումը, էլ.էներգիայի անջատումները վաղվանից կվերականգնվենՎերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Երեկ ԵՄ հատուկ ներկայացուցիչը ևս մեկ գրառում է կատարել Թվիթերում՝ նշելով. - «Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսություն պետք է սկսվի՝ նպատակ ունենալով ապահովել այլընտրանքներ բռնությանը, ձևավորել անչափ անհրաժեշտ վստահություն և երաշխավորել արժանապատվությունը: Եվրամիությունն անհամբեր սպասում է բրյուսելյան եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ»:

Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը՝ Եվրամիության խորհրդի նախագահի մասնակցությամբ, նախատեսված է հուլիսի 21-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Միշել-Ալիև հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսվում է հուլիսի 21-ին՝ Բրյուսելում