«Ազովի» հրամանատարների վերադարձը Թուրքիայից Ուկրաինա պայմանավորվածության խախտում է․ Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ «Ազովի» հրամանատարների Թուրքիայից Ուկրաինա վերադարձը պայմանավորվածությունների խախտում է թե՛ Թուրքիայի, թե՛ Ուկրաինայի կողմից։

Շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինա են վերադարձել «Ազով» գումարտակի 5 հրամանատարներ։ Մարիուպոլի «Ազովստալ» հսկա գործարանի պաշտպանները անցյալ տարի հանձնվել էին, իսկ հրամանատարները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջնորդությամբ տեղափոխվել էին Թուրքիա, որտեղ պետք է մնային մինչև պատերազմի ավարտը։

10 ամիս անց նրանք վերադարձան Ուկրաինա, այդ թվում՝ «Ազովի» հրամանատար Դենիս Պրոկոպենկոն։ Շաբաթ օրը Զելենսկին տեսանյութ էր հրապարակել, որտեղ նրանք թուրքական օդանավակայում նստում են Ուկրաինայի նախագահի օդանավը։

Ռուսաստանցի ազգայնական բլոգերները «Ազովի» հրամանատարների վերադարձը Ռուսաստանի ստորացում են համարել։

Պեսկովը դա համարել է Թուրքիայի վրա ՆԱՏՕ-ի ճնշման արդյունք։

Լվովի օդանավակայանում, որտեղ վայրէջք էր կատարել Թուրքիայից եկած Ուկրաինայի նախագահի օդանավը, Դենիս Պրոկոպենկոն ասել է, որ մտադիր է վերադառնալ ռազմաճակատ։ «Իհարկե։ Մենք դրա համար ենք վերադարձել Ուկրաինա»,- ասել է նա լրագրողներին։