Ֆինլանդիայից հետո եկել է Շվեդիայի հերթը
Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում հստակ պատկերացում ստանալու վերաբերյալ հաջորդ շաբաթ Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ հույսեր են կապում ոչ միայն Կիևում, այլև Ստոկհոլմում:
Ընդ որում, Շվեդիայի պարագայում շատ հավանական է, որ կայացվի հստակ դրական քաղաքական որոշում, և անդամակցման հայտի վավերացումը շաբաթների հարց դառնա:
Գլխավոր խոչընդոտն Անկարայի դեռևս մերժողական դիրքորոշումն է:
Գագաթնաժողովի նախօրեին՝ հուլիսի 10-ին, Վիլնյուսում նախատեսվում է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը:
Վերջինս երեկ Բրյուսելում եռակողմ հանդիպում է անցկացրել Շվեդիայի արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:
Ավելի վաղ Ստոլտենբերգն ասել է, թե Վիլնյուսում Շվեդիան չի կարող միանալ ՆԱՏՕ-ին այն պարզ պատճառով, որ Թուրքիան մինչ այդ չի հասցնի վավերացնել անդամակցման հայտը, քանի որ դա որոշակի ընթացակարգ է ենթադրում: Բայց գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ գագաթնաժողովում կհաջողվի հասնել քաղաքական համաձայնության:
Այսպիսով, Շվեդիայի անդամակցումը հասանելիության սահմաններում է: Նա ասել է, թե ապրիլին Ֆինլանդիան է համալրել ՆԱՏՕ-ի ընտանիքը, և դա հսկայական փոփոխություն է ընդհանուր անվտանգության համակարգում, իսկ հիմա եկել է Շվեդիայի հերթը:
Ձգձգումը կողջունի Վլադիմիր Պուտինը
Այդ երկիրը լրամշակել է Սահմանադրությունը, հակաահաբեկչական նոր օրենքներ է ընդունել, վերացրել է Թուրքիայի հետ զենքի վաճառքի սահմանափակումները: Բոլորը համաձայն են, որ Շվեդիան լուրջ աշխատանք է կատարել, ասել է նա։
Ապա գլխավոր քարտուղարը խոսել է Շվեդիայում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի դեմ ցույցերի մասին, նշելով, որ դրանց կազմակերպիչները ցանկանում են կասեցնել Շվեդիայի անդամակցումը:
«Պարտավոր ենք հստակ գիտակցել՝ այս սադրանքները ձեռնտու են միայն նրանց, ովքեր ուզում են պառակտել ՆԱՏՕ-ն: Շվեդիայի անդամակցման հետագա ձգձգումը կողջունեն միայն Քրդական աշխատավորական կուսակցությունը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Ստոլտենբերգը:
Շվեդիան և Ֆինլանդիան 2022-ի փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո են վճռել միանալ ՆԱՏՕ-ին և հայտերը ներկայացրել են անցյալ տարվա մայիսին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շվեդիան Վիլնյուսի գագաթնաժողովի օրերին չի հասցնի անդամակցել ՆԱՏՕ-ին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան դեռևս չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը. ԷրդողանԱնկարան առարկել է, պահանջելով, որ սկանդինավյան երկու երկրներն արտահանձնեն Թուրքիայում ահաբեկիչ համարվող անձանց, ապաստան չտան քուրդ զինյալներին և Միացյալ Նահանգներում ապրող կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին:
Մադրիդյան համաձայնությունը՝ ճանապարհային քարտեզ
Անկարային այդ հարցում սատարել է Բուդապեշտը, որը միաժամանակ բայց նկատել է տվել, թե թուրքերի դրական որոշման դեպքում հունգարացիներն էլ կհրաժարվեն առարկություններից:
Անցյալ տարվա հունիսի 28-ին Մադրիդում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիտոն և Շվեդիայի այն ժամանակվա վարչապետ Մագդալենա Անդերսոնը կնքել են եռակողմ համաձանություն, որը համարվել է ՆԱՏՕ-ին երկու երկրների անդամակցության յուրօրինակ ճանապարհային քարտեզ:
Այս տարվա մարտի 31-ին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ֆինլանդիայի հայտը, և ապրիլի 4-ին Ֆինլանդիայի դրոշը հանդիսավորությամբ բարձրացվել է Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի շքամուտքի մոտ:
Հարցեր լուծելու միջոցը դրանց քննարկումն է
Ինչպե՞ս լուծել մնացած հարցերը՝ Ստոլտենբերգի առաջարկն է՝ խոսել իրար հետ: Յենս Ստոլտենբերգի համոզմամբ, միակ եղանակն այն է, որը կիրառվում ենք ՆԱՏՕ-ում:
«Պետք է նստել սեղանի շուրջ և խորհրդակցել ու գտնել առաջ տանող ուղին: Մենք լավ առաջընթաց ենք գրանցել այս հանդիպմանը, շատ հնարավոր է, որ գագաթնաժողովում որոշում կայացնենք, և Շվեդիայի հայտի վավերացումը հնարավորինս արագ ընդունվի»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Բիլստրյոմը և Ֆիդանը դրական են գնահատել քննարկումը
Բրյուսելյան քննարկումներից գոհ է նաև Շվեդիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: Նա ենթադրում է, որ հավատում է, որ Վիլնյուսում նախագահ Էրդողանի և վարչապետ Կրիստերսոնի հանդիպումն արդյունավետ կլինի:
«Գործընթացը շարունակվում է, մենք շատ ակտիվ ենք աշխատում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, հույս ունենք, որ դրական որոշում կլինի, բայց դա, իհարկե, Թուրքիայի որոշելիքն է»,- ասել է Բիլստրյոմը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի կառավարությունը քննարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցերը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենն անվերապահորեն աջակցում է Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցումԹուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Շվեդիան դրական քայլեր է կատարել. «Հանվել են զենքի առևտրի սահմանափակումները, հունիսի 1-ից խստացվել է ահաբեկչության դեմ պայքարը, հիմա կարևոր է, որ այդ օրենքի լրամշակումները գործնականում կիրառվեն»,- ասել է թուրք նախարարը:
F-16-ների հարցի լուծումը նույնպես կօգնի Ստոկհոլմին
Վերլուծաբանները չեն բացառում, որ Անկարան կարող է Շվեդիայի հարցում մեղմել դիրքորոշումը նույնիսկ այն դեպքում, եթե Ստոկհոլմի ստանձնած պարտավորություններից մի քանիսը կատարված չլինեն:
Շատ բան կախված կլինի F-16 տեսակի ամերիկյան մարտական օդանավերի գործարքի շուրջ տարիներ տևող թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքից: