Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնում է Ստամբուլ՝ բանակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այցը կատարվում է Էրդողանի հրավերով։ Սա Զելենսկու առաջին այցն է Թուրքիա պատերազմի սկզբից ի վեր։
Ըստ թուրքական աղբյուրների՝ բանակցություններում քննարկվելու են ռուս-ուկրաինական պատերազմը, հացահատիկի գործարքը, երկկողմ հարաբերությունները։ Կիևը և միջազգային հանրությունը ձգտում են երկարաձգել ուկրաինական նավահանգիստներից Սև ծովով հացահատիկի տեղափոխման գործարքի ժամկետը։ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն ավարտվում է հուլիսի 17-ին։ Մոսկվան ասել է, որ այն երկարաձգելու հիմքեր չի տեսնում։
Կրեմլն ուշադիր հետևելու է Զելենսկի-Էրդողան բանակցություններին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. - «Մեզ հետաքրքիր կլինի իմանալ՝ ինչի մասին է խոսք գնալու պարոն Էրդողանի և պարոն Զելենսկու հանդիպմանը։ Դա կարևոր է։ Գիտեք, որ պարոն Էրդողանը բազմիցս ջանքեր է գործադրել տարբեր խնդիրներ կարգավորել ուկրաինական հակամարտության համատեքստում, միջնորդական դեր է խաղացել, և այդ դերը մեծ գնահատական է ստացել մեր նախագահի կողմից։ Ինչ վերաբերում է Պուտին-Էրդողան առաջիկա շփումներին, մենք դա չենք բացառում տեսանելի ապագայում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին վաղը կմեկնի ԹուրքիաՎլադիմիր Զելենսկին Ստամբուլ է մեկնում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ կատարած անսպասելի այցերից հետո։ Նա իր հանդիպումներում զենք-զինամթերք է խնդրում Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար, ինչպես նաև աջակցություն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Նա ցանկանում է, որ Ուկրաինան կառույցին անդամակցելու պաշտոնական հրավեր ստանա Լիտվայում հուլիսի 11-12-ը կայանալիք գագաթնաժողովին։
Պրահայում Չեխայի վարչապետ Պետեր Ֆիալան երկկողմ հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինայի ապագան Եվրամիությունում և Հյուսիսատլանտյան դաշինքում է։
Նա հայտնել է՝ Չեխիան մարտական ուղղաթիռներ կտրամադրի Ուկրաինային։ Զելենսկին նշել է, որ առանց հեռահար զենքի դժվար է ոչ միայն հարձակողական, այլ նաև պաշտպանական գործողություններ իրականացնել։
Չեխիայի նախագահի հետ հանդիպմանը Ուկրաինայի առաջնորդն ասել է, որ ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ ազդանշաններ տեսնել։ Պետեր Պավելի խոսքով՝ բացարձակապես հստակ է, որ Չեխիայի շահերից է բխում, որ Ուկրաինան պատերազմն ավարտվելուն պես պետք է ռազմական դաշինքին անդամակցելու բանակցություններ սկսի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին կմասնակցի ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովինԿառույցի մեկ այլ անդամ Բուլղարիան, որտեղ Զելենսկին երեկ է բանակցություններ վարել, ավելի վաղ Կիևին զենք տրամադրելու հարցում զգուշություն էր ցուցաբերում՝ պատճառաբանելով սեփական անվտանգության ապահովումը։ Սակայն, Բուլղարիայի նոր իշխանությունները ձևավորվելուց ընդամենը երկու շաբաթ անց հավանություն են տվել ռազմական օգնություն տրամադրելու փաթեթին։ Զելենսկին ստացել է վարչապետի աջակցությունը՝ արևմտյան կառույցներին, մասնավորապես ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու համար։ Նրանք հռչակագիր են ստորագրել։ Զելենսկին մեկնել է Սլովակիա։ Այս մասին նախապես չէր հայտարարվել։ Ապա կկայանա այցը Թուրքիա։