Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը նախօրեին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման հարցը:
Երկու ղեկավարները կարծիք են հայտնել, որ Շվեդիայի հայտին հավանություն տալու առավել բարենպաստ պահը կարող է լինել Վիլնյուսում առաջիկա օրերին գումարվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:
Բայդենը մեկնելու է Եվրոպա, որտեղ Լիտվայի մայրաքաղաքում կմասնակցի Հյուսիսատլանտյան գագաթնաժողովին:
Փորձագետները նշում են, որ Թուրքիան, հավանաբար, չի մեղմի դիրքորոշումը Շվեդիայի անադամակցման հարցում և չի հրաժարվի առարկություններից:
«Անհամբերությամբ սպասում ենք, որ Շվեդիան միանա ՆԱՏՕ-ին»,- երեկվա հանդիպման ընթացքում ասել է Բայդենը և հավաստիացրել, որ այդ հարցում անվերապահորեն աջակցում է Շվեդիային:
Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր են ներկայացրել այն բանից, հետո, երբ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա:
Թուրքիան երկու սկանդինավյան երկրներից պահանջել է արտահանձնել կասկածյալներին, ապաստան չտալ քուրդ անջատականներին և զինյալներին, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվող կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին:
Ֆինլանդիան արդեն միացել է ՆԱՏՕ-ին, մինչդեռ, Շվեդիայի պարագայում Անկարան պնդում է, որ պահանջների մի մասը դեռ չի կատարվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան․ «Թուրքիան կշարունակի վետո կիրառել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում»