«Արցախը չի հրաժարվել անցած ամիս ԱՄՆ-ի միջնորդությամբ երրորդ երկրում Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպումից։ Այդ մասին անգամ միջնորդ կողմը չի հայտարարել», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, նշելով՝ որպեսզի հանդիպումը կայանա, անհրաժեշտ է, որ Բաքուն ցույց տա, որ պատրաստ է երկխոսության:
Սերգեյ Ղազարյանը հայտնեց,որ Արցախը տարբեր երկրներից և միջազգային կազմակերպություններից պարբերաբար առաջարկներ է ստանում Ստեփանակերտ-Բաքու հանդիպում կազմակերպելու համար։ Քննարկումներն այս ուղղությամբ շարունակվում են:
Ճնշումների տակ բանակցություններ չեն կարող տեղի ունենալ, ընդգծեց Արցախի արտգործնախարարը:
Շաբաթասկզբին Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն «Ազատությանը» հայտնել էր, որ երրորդ երկրի տարածքում Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության առաջարկ եղել է՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, սակայն հանդիպումը չի կայացել Ստեփանակերտի մտավախությունների պատճառով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտը չի մասնակցել երրորդ երկրում Բաքվի հետ հանդիպմանը