Ռուսական ռուբլին կրկին մոտենում է դրամի համեմատ ռեկորդային ցածր փոխարժեքի։ Հայկական բանկերը երեկ մեկ ռուբլի գնելու համար ամենաշատը 4.33 դրամ էին առաջարկում։ Ռուսական արժույթը կարճ ժամանակով ավելի էժան էր միայն անցած տարվա գարնանը՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո։
Դրամի համեմատ ռուբլու անկումը գյուղատնտեսական ապրանքների արտահանման ամենակարևոր շրջանում վնասում է առաջին հերթին այդ ոլորտը, ընդգծում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը:
«Բնականաբար, սա մրցունակության և ընդհանուր առմամբ եկամուտների նվազման էֆեկտ է ունենալու՝ հատկապես գյուղատնտեսական ապրանքների համար, որոնց համար գնային մրցունակությունը դեր ունի, այստեղ որոշակի խնդիրների են բախվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանը:
Ռուբլու էժանացման հետևանքները վերջին շաբաթներին արդեն իսկ զգացվել են։ Ծիրանի բերքահավաքը բողոքի ալիքով մեկնարկեց. գյուղացիները դժգոհ են՝ այս տարի կրկնակի պակաս գնով են վաճառում միրգն արտահանողներին՝ 300 դրամ նախորդ տարվա 600, 700-ի փոխարեն։ Ցածր գնի հիմնական պատճառներից մեկն էլ էժան ռուբլին է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծիրանի ցածր գինը Արարատյան դաշտում բողոքի ալիք է բարձրացրելԱնցած ամիս գործադիրից խոստացան լուծումներ գտնել գյուղացիների բերքի պատշաճ մթերումն ապահովելու համար:
Անցան շաբաթներ, բայց մինչև հիմա որևէ հստակ քայլի մասին չի հայտարարվել։ Արտահանմամբ զբաղվող գործարարներն էլ չեն կարծում, թե իշխանություններն այժմ կարող են փոխել իրավիճակը։
Ինչո՞ւ վերջին շաբաթներին ռուսական արժույթն է՛լ ավելի էժանացավ։ Տնտեսագետի կարծիքով՝ արևմտյան է՛լ ավելի խստացող պատժամիջոցներն են պատճառը։ Ռուսաստանի տնտեսության վրա ճնշումը մեծանանում է:
«Երբ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին, անմիջապես նվազեց ներմուծումը, սակայն արտահանումը պահպանվեց: Որովհետև ռուսական հատկապես էներգակիրներից հրաժարվել կարճաժամկետում արևմտյան երկրների համար հնարավոր չէր, սակայն ավելի երկար ժամանակահատվածում արևմտյան երկրները կոնսոլիդացրեցին իրենց ջանքը, և, օրինակ, Եվրոպան հրաժարվեց ռուսական նավթից ու գազից», - նշեց Նարեկ Կարապետյանը:
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո գրանցած արժեզրկումը ռուսական ռուբլին մի քանի ամսվա մեջ կարողացավ հաղթահարել՝ 2022-ի ամռանն արդեն վերադառնալով մինչպատերազմական ցուցանիշներին։ Ռուբլու նոր անկումը սկսվեց նախորդ տարեվերջին ու շարունակվում է մինչև հիմա։