ՔՊ-ն, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կվերցնի իշխանությունը Ախուրյան խոշորացված համայնքում

«Քաղաքացիական պայմանագիրն», ամենայն հավանականությամբ, առաջիկայում կվերցնի իշխանությունը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում։

Թեև 2021-ի ընտրությունների արդյունքում իշխանական կուսակցությունն ամենամեծ թվով ձայներն էր հավաքել, այդուհանդերձ, դա բավարար չէր համայնքի ղեկավար ընտրելու համար և ի վերջո «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները միավորվելով համայնքապետ էին ընտրել իրենց թեկնածու Արծրուն Իգիթյանին։

«Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու Ալբերտ Այվազյանն «Ազատությանն» ավելի վաղ ասել էր՝ երբ իրենց 49 տոկոս ձայն հավաքած թիմը ունենա պակասող մեկ մանդատը՝ իրենք կվերցնեն իշխանությունն։ Օրեր առաջ ընդդիմադիր «Ախուրյան» դաշինքի անդամներից մեկը վայր է դրել մանդատը, իսկ նրան փոխարինած Արիստակես Չալոյանը դուրս է եկել ընդդիմադիր թիմից ու միացել «Քաղաքացիական պայմանագրին»:

Շաբաթներ առաջ արդեն Ախուրյանի համայնքապետին անվստահություն հայտնելու օրակարգով նիստ էր հրավիրվել, որը չկայացավ։ Այդուհանդերձ «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն նոր նախաձեռնություն է սկսել և պատրաստվում է առաջիկայում նիստ հրավիրել ու անվստահություն հայտնել 26 տարի համայնքը ղեկավարած Արծրուն Իգիթյանին։ ՔՊ-ն պատրաստվում է Ախուրյանի ղեկավարի պաշտոնում առաջադրել համայնքի բժշկական կենտրոնի ղեկավար Զավեն Մանուկյանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանին անվստահություն հայտնելու նիստը չկայացավ