Ախուրյան խոշորացված համայնքի ավագանին այսօր նիստ էր հրավիրել՝ 26 տարի համայնքը ղեկավարած դաշնակցական Արծրուն Իգիթյանին անվստահություն հայտնելու։ Սակայն նիստը չկայացավ։ Նշանակված ժամին ավագանու որևէ անդամ չներկայացավ։
Ախուրյան խոշորացված համայնքում ավագանու ընտրությունները մեկուկես տարի առաջ էին։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը մոտ 49 տոկոս քվե էր ստացել և չկարողացավ միայնակ իշխանություն ձևավորել։ 2 դաշնակցական ընկերներ, որ առանձին՝ «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքներով էին մասնակցում ընտրություններին, կոալիցիա կազմեցին ու համայնքային իշխանությունը իրենց ձեռքը վերցրին։
ՔՊ խմբակցության ղեկավար Ալբերտ Այվազյանի կարծիքով՝ կոալիցիա կազմած 2 ուժերը այս սցենարով են գնում, որ անվստահություն հայտնելուց հետո կրկին ընտրվի ընկերներից մեկը ու օրենքի արգելքով առնվազն 1 տարի այլևս նրան չեն կարողանա հեռացնել պաշտոնից։
«Դա ես շոու եմ համարում, որովհետև սա արվել է միայն նրա համար, դե իրենք գիտեին, որ մենք 13 ավագանիներ ենք, մենք չունենք ձայների մեծամասնություն, և իրենք այս շոուն կազմակերպել են, որպեսզի ոչ մի մարդ չընտրվեր՝ ո՛չ Արշակյանը, ո՛չ մեր թեկնածուն, և իրենց թեկնածուն հնարավորություն կունենար ևս մեկ տարի պաշտոնավարելու: Նա ընդամենն ուզում էր մեկ տարի անձեռնմխելիություն ձեռք բերեր այս քայլով», - ասաց Այվազյանը:
Գործող համայնքապետ Իգիթյանը չի բացառում, որ նախաձեռնողները գուցե հենց դա էլ նկատի ունեցել են. - «Կարող է և դա ի նկատի ունեցել են, չեմ բացառում, որովհետև այս խոչընդոտներն՝ անընդհատ խոչընդոտել աշխատանքին, արդեն կտրում են աշխատանքից, տուժում է համայնքը»:
Ալբերտ Այվազյանն էլ իր հերթին պնդում է՝ ընտրությունների արդյունքում իշխանությունը ՔՊ-ինն է և իրենք երբ 1 մանդատ կարողացան իրենցով անել, իշխանությունը վերցնելու են։
«Մենք պայքարելու եք մինչև վերջ: Եթե մեզ հաջողվի, որ նրանց թիմից մեկը նրանցից նեղվածություն ձեռք բերեր, չուզենար շարունակել, տեսնելով, որ նրանք ճիշտ չեն ղեկավարում, գար միանար մեզ, որ օրը մենք ունենայինք այդ 14-րդ ավագանին, մենք հաստատ անվստահության առաջարկություն կանեինք», - նշեց Այվազյանը:
Ի դեպ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ևս Իգիթյանին անվստահություն հայտնելու ու համայնքի ղեկավարի իրենց թեկնածու առաջադրելու նախագիծ էին ներկայացրել, բայց ՔՊ-ն նույնպես այսօրվա նիստին չմասնակցեց։
Խմբակցության ղեկավար Ալբերտ Այվազյանն անկեղծանում է. - « Մենք էլ հավաքվեցինք մեր թիմով, քննարկեցինք նրանց կողմից ներկայացրած որոշումը և որոշեցինք, որ մենք էլ մեր թեկնածուն առաջադրենք և այդ ժամանակահատվածը, որը մենք ունենք՝ 2 օր, փորձենք աշխատել նրանց ավագանիների հետ և այդտեղ մարդիկ կլինեն, որ կհամաձայնեն միանալ մեր թեկնածուին և մենք գնանք ընտրության, չկարողացանք, չեղավ այդ մարդը, դրա համար էլ այսօրվա նիստին չմասնակցեցինք»:
Արծրուն Իգիթյանը դժգոհում է՝ 1,5 տարի է իշխանություններն անընդմեջ խաչընդոտում են ու լիարժեք աշխատել չի ստացվում. - «Քաղաքացիական պայմանագիրը» շատ հաճախակի նման հայտարարություններով անվստահությունից էին խոսում, որ իրենք կարող են... խոսակցությունները շատ էին, բամբասանքները շատ էին, որ մի ամիս է մնացել՝ Իգիթյանին աշխատանքից հանելու ենք, փոխելու ենք: Նույնիսկ խոսակցություններ կան, որ շատ մարդկանց աշխատանք են խոստանում, որ մի ամսից Ախուրյանում աշխատանքի տեղեր են բացվելու, մենք ձեզ կտեղավորենք: Նման բամբասանքներ, փողոցային խոսակցություններ եղել են և սա երևի թե այդ ամբողջը փակելու միտումներից մեկն էր: Եթե «Քաղաքացիական պայմանագիրն» ուներ այդ հնարավորությունը թող կատարեր»:
Երեք խմբակցություններն էլ մտադիր են առաջիկայում կրկին փորձել համայնքապետին անվստահություն հայտնելու սցենարը։