Politico պարբերականի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս մեկ տարի կաշխատի այդ պաշտոնում:
Միացյալ Նահանգների մի բարձրաստիճան ներկայացուցիչ պարբերականին փոխանցել է, որ «դա արդեն լուծված հարց է»:
Մի բարձրաստիճան դիվանագետ արևմտաեվրոպական պետությունից հաստատել է այդ տեղեկատվությունը և ասել, որ «պաշտոնապես դա կձևակերպվի հաջորդ շաբաթվա ընթացքում»:
Լուրը հաստատել է նաև Արևելյան Եվրոպայի պետություններից մեկը ներկայացնող մի անանուն դիվանագետ:
Ըստ Politico-ի, ՆԱՏՕ-ի ղեկավարները ցանկացել են գլխավոր քարտուղարի հարցը կարգավորել նախքան հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը:
Գլխավոր քարտուղարի թեկնածուների ցանկում են եղել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը և մի շարք եվրոպացի հեղինակավոր այլ գործիչներ: Ավանդույթի համաձայն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահվում է Եվրոպային:
Նորվեգիայի նախկին վարչապետ, 64-ամյա Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2014 թվականին և մի քանի անգամ վերանշանակվել է: Նա մի քանի առիթներով հայտարարել է, որ ցանկանում է մինչև 2023 թվականի աշունն ազատել պաշտոնը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ստոլտենբերգին հորդորում են ևս մեկ ժամկետ աշխատել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում