Էլեկտրոնային սարքավորումների մեծածախ առևտրով զբաղվող «ՏԱԿՈ» ՍՊԸ-ն այս անգամ էլ Եվրամիության (ԵՄ) թիրախում է հայտնվել։ Ընդամենը երկու ամիս առաջ Ռուսաստանի բանակին աջակցելու կասկածանքով ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված ընկերության անունը անցած շաբաթ հայտնվեց նաև ԵՄ սանկցիաների ցանկում։
Բրյուսելն օրերս հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը՝ նպատակ ունենալով կանխել երրորդ երկրների միջոցով արգելված ապրանքների արտահանումը Ռուսաստան։ «Տակոն» ըստ Բրյուսելի, ուղղակիորեն աջակցում է Ռուսաստանի բանակին Ուկրաինայի դեմ պատերազմում։
Այս ընկերությունը Հայաստանում գրանցվել է 2022-ի մայիսին՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների սահմանման առաջին ամիսներին։ Ըստ պետական ռեգիստրի՝ 100 տոկոս սեփանակատերը Ռուսաստանի քաղաքացի Վադիմ Վերխովցևն է։ Ընկերության մասին շատ տվյալներ չկան, «Ազատությանն» արդեն երկու ամիս է՝ չի հաջողվում գտնել ո՛չ սեփականատիրոջը, ո՛չ էլ աշխատակիցներին։ «Ազատությունն» այցելել էր ընկերության իրավաբանական հասցե, շենքի տնօրինությունից ասել էին՝ տարածքը վարձակալված էր, սակայն աշնանը այստեղ տեղակայված գրասենյակները հեռացել են շենքից, իսկ թե ուր, պնդեցին, թե տեղեկություն չունեն։
Ամերիկյան կողմն ավելի վաղ տեղեկացրել էր՝ «ՏԱԿՈ»-ն ռուսական «Ռադիոավտոմատիկա»-ի հետ է համագործակցում, մասնավորապես ռուսական ընկերությունը վճարում է «ՏԱԿՈ»-ին մասերի ներկրման համար։
Վաշինգտոնը «Ռադիոավտոմատիկան» ռուսական պաշտպանական ընկերություն է համարում։ Հակառուսական սանկցիաների նոր փաթեթը հաջորդում է Բրյուսելի՝ Կրեմլին պատժամիջոցների հարցում չօգնելու ուղիղ նախազգուշացմանը։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ 2022-ին, ԵՄ անդամ պետություններից Հայաստան արտահանման ծավալները շուրջ 1.9 միլիարդ եվրո են կազմել, այնինչ նախապատերազմական 2021-ին այս ցուցանիշը 760 միլիոն էր՝ 2.5 անգամ պակաս։ Աճել է հատկապես էլեկտրոնային սարքերի ներմուծումը Հայաստան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության հակառուսական պատժամիջոցների ցանկում կան հայկական ընկերություններ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչ արդյունքներ կարող է ունենալ մետաղական ջարդոնների և թափոնների արտահանումն արգելող որոշումը«Կոնկրետ պետությունների առևտրային ցուցանիշների թռիչքային աճը լուրջ ապացույց է, որ Ռուսաստանը փորձում է շրջանցել պատժամիջոցները։ Սա մեզ ստիպում է կրկնապատկել մեր ջանքերը և մեր հարևաններից էլ ավելի սերտ համագործակցություն ակնկալել», - հայտարարում է Եվրամիությունը։
Այս պահին արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված հայկական ևս մեկ ընկերություն կա. «Մեդիսարը» զբաղվում է քիմիկատների, լաբորատոր սարքավորումների ներկրմամբ։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ ցանկը կարող է ընդլայնվել. - «Այդ ընկերությունների նկատմամբ կիրառված այս տնտեսական պատժամիջոցներն ազդակ են Հայաստանի կառավարությանը, որ եթե նույն տրամաբանությամբ շարունակվի, ապա այդ սանկցիաները կարող են ընդլայնվել և նոր ընկերություններ ընդգրկել»։
Անցած ամիս ոչ Ռուսաստանի և ոչ էլ պատժամիջոցների անունը չտալով՝ գործադիրը հենց տեխնոլոգիական սարքերի վերաբերյալ որոշում ընդունեց՝ դա ազգային անվտանգության հարց համարելով։ Ըստ կառավարության՝ բազմաթիվ ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումն ավելի խիստ պետք է հսկվի, այսուհետ նաև համապատասխան թույլտվություններ պետք կգան։ Դրանց թվում են չիպերը, տրանսֆորմատորները, տվյալների փոխանցման սարքավորումները, տեսախցիկները, ալեհավաքները, նավիգացիոն սարքերը և բազմաթիվ այլ ապրանքներ։
«Այդպիսի այսպես ասած՝ քայլեր փորձում է Հայաստանի կառավարությունն անել՝ ցույց տալով, որ մենք, այնուամենայնիվ, սահմանափակում ենք դեպի Ռուսաստան արտահանման հնարավորությունները», - նշեց տնտեսագետը։
Երևանը մշտապես պնդում է՝ Հայաստանն արևմտյան պատժամիջոցները չի շրջանցում։ Վարչապետ Փաշինյանն անցած ամիս ընդունել էր՝ արևմտյան երկրների հետ հանդիպումներում այս հարցը դրվում է հայկական կողմի առջև։ Հավաստիացրել էր՝ իրենք բոլոր ուղղություններով աշխատում են, որպեսզի և՛ սանկցիաները չխախտվեն, և՛ պահպանվեն գործընկերային հարաբերությունները Արևմուտքի ու Ռուսաստանի հետ։