Հասանով․ «Ադրբեջանական մեկ կորպուսը կարող է լուծել Ղարաբաղում գտնվող հայկական ուժերի հարցերը»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

«Մենք առանձնապես բարձր չենք գնահատում Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական գոտում գտնվող անօրինական զինված կազմավորումների կարողությունները։ Մեզ հայտնի է դրանց քանակությունը, սպառազինությունը, բարոյահոգեբանական վիճակը, գիտենք, թե ինչի են նրանք ընդունակ», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

«Եթե նրանք ինչ-ինչ սադրանքների ու հակաիրավական գործողությունների դիմեն, ապա այդ անօրինական զինված կազմավորումների հարցը կարող է լուծել ադրբեջանական բանակի ընդամենը մեկ կորպուս, այն էլ՝ ոչ ամբողջական կազմով», - ասել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Զաքիր Հասանովն այսօր հայտնել է նաև Բաքվի կողմից նոր հրթիռային համակարգերի ձեռքբերման մասին։ «Բացի այն հրթիռներից, որոնց պաշարը մենք լրացրեցինք [2020 թվականի] պատերազմից հետո, նաև մի շարք այլ հրթիռների արդիականացման պրոցես է ընթանում։ Դրա պատճառն այն է, որ ռազմական գործողությունների ժամանակ որոշ հրթիռներ բախվեցին հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների գործողությունների հակազդեցությանը, ինչը հանգեցրել էր խնդիրների», - ադրբեջանական CBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հասանովը:

«Նոր հրթիռային համակարգերի ձեռքբերումը ևս ընթացքի մեջ է։ Ադրբեջանի հասցեին հնչող սպառնալիքների պայմաններում դրանք կապահովեն բանակի առջև ծառացած նոր խնդիրների կատարումը», - վստահեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը։