ԵՄ արտգործնախարարները վաղը կանդրադառնան Ռուսաստանում ձախողված ապստամբության հետևանքներին

Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր Դե Կրոոն երկրի խորհրդարանում, Բրյուսել, 22 հունիսի, 2023թ.

Եվրոպական միության արտաքին գերատեսչությունների ղեկավարները վաղը Լյուքսեմբուրգում նախատեսված ամենամսյա համաժողովում՝ ի շարս այլ հարցերի, կանդրադառնան անցած շաբաթ օրը Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումների ռազմական ապստամբության ձախողված փորձի հետևանքներին: Այդ մասին այսօր Բրյուսելում ազգային անվտանգության խորհրդի նիստում ասել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր Դե Կրոոն:

«Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները կքննարկեն իրավիճակը Ռուսաստանում, որտեղ ավարտվել է ռուսական կանոնավոր բանակի դեմ ուղղված {«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար} Եվգենի Պրիգոժինի նախաձեռնած զինված ապստամբությունը: Բելգիան կներկայացնի արտգործնախարար Աջա Լյաբիբը»,- հայտնել է Դե Կրոոն:

Լյաբիբն, իր հերթին ասել է, որ կառավարությունը քննարկումներ է անցկացրել Ռուսաստանում Բելգիայի դեսպանատան հետ և միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանում բնակվող Բելգիայի քաղաքացիների վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար:

«Ռուսաստանում այսօրվա դրությամբ ապրում է 780 բելգիացի: Բոլորի հետ հաջողվել է կապ հաստատել և համոզվել, որ նրանց այս պահին որևէ վտանգ չի սպառնում»,- ասել է ԱԳ նախարար Լյաբիբը: