Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները, որոշ աղբյուրներ հաղորդում են փողոցներում զրահամեքենաների տեղաշարժի մասին:
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:
Ինքը`Պրիգոժինը մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:
«Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու`ինչու է երկրում ամենաթողություն տիրում: Ով ուզում է`թող միանա մեզ, պետք է պատժել նրանց, որ կործանել են հազարավոր ռուս զինվորների կյանքեր», - հայտարարել է վարձկանների առաջնորդը`սպառնալով «վերացնել նրանց, որ դիմադրություն ցույց կտան»:
«Հատուկ ծառայությունները, ուժային կառույցները շուրջօրյա ռեժիմով տեղեկացնում են նախագահ Պուտինին ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման մասին», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Մոսկվայում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում. «Ճանապարհներին հսկողությունն ուժեղացվել է, հնարավոր է զանգվածային միջոցառումների սահմանափակում: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ», - սոցցանցերում գրել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ռոստովի նահանգապետը հորդորել է բնակիչներին առանց ծայրահեղ անհրաժեշտության տնից դուրս չգալ. ըստ հաղորդումների՝ այսօր վաղ առավոտյան «Վագների» վարձկանները մտել են Ուկրաինայից քիչ հեռու գտնվող Դոնի Ռոստով քաղաք: Տելեգրամյան ալիքներում տեսանյութեր են շրջանառվում, որտեղ երևում է`ինչպես են մի խումբ զինվորականներ շրջապատել քաղաքի վարչական շենքերը, փողոցներում զրահամեքենաներ են կանգնած: Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարել է, թե իր վարձկանները վերահսկում են Ռոստովի ու Վորոնեժի ռազմական օբյեկտները:
Այս մասին տեղեկություններից քիչ անց նախագահ Պուտինը ելույթով դիմել է ռուսաստանցիներին, «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի գործողությունները անվանել խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին: Իրավիճակը համեմատելով 1917 թվականի իրադարձությունների հետ`Պուտինը խոստացել է «անխուսփելի պատիժ»։ «Ռուսաստանի զինված ուժերը հրաման են ստացել չեզոքացնել զինված խռովության կազմակերպեպիչներին, կձեռնարկվեն վճռական, խիստ գործողություններ»,֊ասել է Պուտինը։ Նա իր խոսքում ոչ մի անգամ Պրիգոժինի անունը չի տվել։
Մի խումբ ռուս գեներալներ «Վագների» վարձկաններին ուղղված տեսաուղերձներ են տարածել` հորդորելով զենքերը վայր դնել: «Ռազմական հրամաններ կարող է արձակել միայն Գերագույն գլխավոր հրամանատարը, որին Պրիգոժինը որոշել է հարվածել թիկունքից», - հայտարարել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևը`կատարվողը որակելով որպես պետական հեղաշրջում:
Սպիտակ տունը հայտարարել է, թե «նախագահ Բայդենը տեղեկացվել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:
«Մենք հետևում ենք իրադարձություններին և խորհրդակցություն կանցկացնենք դաշնակիցների հետ», - ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադամ Հոջը: