«Բարոյական տեռոր է. Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանների պղծման ակնհայտ միտում կա». Արցախի նախագահի խորհրդական

Վլադիկը Քարագլխում զոհվեց, Պողոսը՝ Ֆիզուլիում, Էռնեստը՝ Կարախամբելյիում. Հադրութի Վարդաշատ գյուղի արցախյան առաջին պատերազմի զոհերի շիրմաքարերն են ադրբեջանցիները ջարդուխուրդ անում։

Արցախի այս փոքրիկ գյուղից 6 հոգի էր զոհվել՝ երիտասարդ տղաներ էին, միայն մեկն էր ամուսնացած, պատմում է Վարդաշատի գյուղապետ Ռուսլան Սողոմոնյանը. - «Ռուսի բանակից նոր եկած ջահել տղերք էին»:

Մարտունեցի Մարգարիտա Աբրահամյանի ազգականներն են երկուսը՝ հորեղբայրները. - «Հիշում եմ՝ ես փոքր էի, բայց հենց մոտենում էր մեկի քառասունքը, մյուսն էր զոհվում, հիշում եմ՝ ծանր պահեր էին, երբ արդեն 2-րդ, 3-րդ զոհն էր ու մոտենում էր քառասունքը​, մի տեսակ վախ կար, մի տեսակ միստիկա կար դրա մեջ»:

Ալիկ Բաբայանը նշանված էր, հարսանիքի օրը նրա թաղումն էր... Մարգարիտան ասում է՝ այս պատմությունը վարդաշատցիներին ցնցել է այնքան, որ մինչև հիմա խոսում են այդ մասին. - «Այն ժամանակ չկային այն միջոցները, որ իրազեկում էին, լուրը տեղ էին հասցնում այս ժամանակակից մեթոդները և մեր բարեկամուհին, որը ուսանող էր Երևանում, պետք է բերեր հարսի շորը ու հարսի շորը երբ բերել է, Ալիկն արդեն զոհված էր, ու հայրը թաղման օրը պարում էր որդու հարսանիքի համար նախատեսված հարսի շորով»:​

Հարսնացուն տարիներ անց ամուսնացավ, բայց միշտ իրեն համարեց Վարդաշատի Բաբայանների տան աղջիկը։

Վարդաշատը հնագույն հայկական գյուղ էր՝ 44-օրյա պատերազմից հետո անցավ Ադրբեջանի հսկողության տակ. գյուղից՝ իրենց կառուցած տնից այդպես էլ չհեռացած տարեց ամուսիններին՝ Դավիթ ու Նինա Դավիդյաններին ադրբեջանցիները սպանեցին մեկին այգում, մյուսին՝ ննջարանում։ «Հետո հասան մեր գերեզմաններին», - Մարգարիտա Աբրահամյանն ասում է՝ առաջին պատերազմի մասնակիցներից ադրբեջանցիները դեռ վախենում են:

«Վախենում են, այդ տղաներն իրենց ահ ու սարսափն են, այդ տղաներն իրենց հաղթել են: Նրանց հիշատակի դեմ են պայքարում, նրանք վախենում են մեզնից, նրանք գիտեն, որ մենք այսպես չենք մնալու», - նշեց նա:​

Տեսանյությում երևում է նաև Յուրիկ Աբրահամյանի շիրմաքարը։ Կինը՝ տիկին Տանյան երեկվանից համացանցում փնտրում է ադրբեջանցի օգտատիրոջը, որ տարածել է տեսանյութը ուզում է մի բան գրել-հանգստանալ: Ամուսնուց բացի, այստեղ նաև նրա երկու եղբայրներն են՝ Տիգրանն ու Էռնեստը:

«Արցախյան առաջին պատերազմի զոհվածների գերեզմանների պղծման ակնհայտ միտում կա», - նշեց Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը:​

Արցախի նախագահի խորհրդականն այս ամենը բարոյական տեռոր է համարում, ընդ որում, շեշտում է՝ Ադրբեջանը հաշվի չի առնում միջազգային որևէ կառույցի որոշում, բանաձև, զեկույց՝ ոչ մի բան. - «Էդ երկիրը որևէ մեկից ո՛չ վախենում է, ո՛չ պատկառանք ունի, ո՛չ ինչ-որ նշաձողեր ունի, բացարձակ ինքը ոչ մեկի չի ենթարկվում: Հաագայի դատարանը՝ 0 արդյունք, ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը՝ 0 արդյունք, ինքը ինչ ուզում է պոկում է»:

44-օրյա պատերազմից հետո համացանցային տարբեր հարթակներում սկսեցին տեսանյութեր տարածվել՝ թե ինչպես են հերթով ջարդուփշուր արվում հայկական գերեզմանները, Թալիշի, Մատաղիսի, Ավետարանոցի զոհերի հուշահամալիրներ։

Հընթացս հայկական հուշարձաններն են կորցնում իրենց հայկական դեմքը։ Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի է վերածվում, գմբեթի զանգակատանն ու վեղարին կփոխարինեն երկու մինարեթներ, Շուշիի Կանաչ ժամը ուղղափառ եկեղեցի է դարձել...

Ի՞նչ է մնացել Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական տարածքներում։ Պաշտոնական տեղեկատվություն կա միայն այն մասին, թե ինչ է եղել մինչև պատերազմը՝ 1456 հուշարձան, այս թվում՝ 161 վանք ու եկեղեցի, շուրջ 600 խաչքար: