Բրեգաձե. «Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացի չէ և չի կարող մասնակցել ներքաղաքական գործընթացներին»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հիվանդանոցում, Թբիլիսի, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այժմ Վրաստանի քաղաքացի չէ և չի կարող մասնակցել ներքաղաքական գործընթացներին: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:

Նա նշել է, թե Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը հատուկ է ոչ-պաշտոնական կառավարման գործելակերպը:

«Այդ անձը {Սաաշաշվիլին} կալանավոր է, և երբ նրա առողջական վիճակը բարելավվի, նրան կվերադարձնեն քրեակատարողական հիմնարկ: Այդ հարցում զարմանալու ոչինչ չկա», - ասել է նախարարը:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հիմա բուժվում է մասնավոր հիվանդանոցում: Օրերս նա հայտարարել է, թե վերադառնում է քաղաքական ասպարեզ: