Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց Թբիլիսիում Նորվեգիայի դեսպանատան առջև


Միխեիլ Սաակաշվիլին բանտում, արխիվ
Միխեիլ Սաակաշվիլին բանտում, արխիվ

Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր հավաքվել են Թբիլիսիում Նորվեգիայի դեսպանատան առջև՝ բողոքելով երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մարդու իրավունքների ասպարեզում նորվեգական ամենահեղինակավոր Սյուր Լինդբրեկեի անվան մրցանակի շնորհման դեմ։

«Մենք պահանջում ենք, որպեսզի Նորվեգիայի դեսպանը դուրս գա և հայտարարի, որ սա իր կառավարության պաշտոնական տեսակետը չէ», - «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում նշել է ցուցարարներից մեկը։

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ասպարեզում մեծ ձեռքբերումների համար շնորհվող Սյուր Լինդբրեկեի անվան ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի էր ունեցել մարտի 25-ին Օսլոյում։

Անազատության մեջ գտնվող Սաակաշվիլիի անունից մրցանակը ստացել էին նրա մայրն ու որդին։ Նախկին նախագահի ընդդիմախոսները քննադատում են նորվեգական կողմի այս որոշումը՝ պնդելով, որ Սաակաշվիլիի իշխանության տարիները աչքի են ընկել մարդու իրավունքների համատարած խախտումներով։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նախօրերին մեկնաբանելով Սաակաշվիլին մրցանակի շնորհումը, հայտարարել է, որ այդ քայլը հավասարազոր է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին մարդու իրավունքների ասպարեզում ձեռքբերումների համար պարգևատրելուն։

XS
SM
MD
LG