ԵՊԲՀ հիմնադրամում չարաշահումների գործով տվյալներ են ստացվել այլ դեպքի մասին ևս, նոր գործ է հարուցվել. ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործության այլ դեպքի մասին ևս, նախաձեռնվել է նոր քրեական վարույթ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ գործը վերաբերում է 2011-2018 թվականներին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնն զբաղեցրած Արման Սահակյանի, նրա հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի և ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի կողմից փոխկապակցված անձանց անվամբ հիմնված «Քիդս Քեը» ՍՊ ընկերության միջոցով 2015-ին անշարժ գույքի ձեռքբերմանը և այնուհետև՝ Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո, 2019-ի մայիսին դրա վաճառքին Տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Հրանտ Բեգլարյանին պատկանող ընկերությանը: Ըստ հաղորդագրության՝ 163 միլիոն 115 հազար 680 դրամով Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող՝ 1063.25 քմ մակերեսով երկու առանձին մասնաշենքերից և պարսպից բաղկացած անշարժ գույքը՝ դպրոցը, և 32 միլիոն 498 հազար 320 դրամով դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.303439 հա հողատարածքը ձեռք էին բերվել 36 ամսում տարաժամկետ վճարելու պայմանով, իսկ չորս տարի անց վաճառվել 240 միլիոն դրամով:

Քրեական վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս», և 442-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»: Վարույթի նյութերն ուղարկվել են Դատախազություն' քննչական ենթակայությունը որոշելու նպատակով։

Արմեն Աշոտյանն անցած շաբաթ կալանավորվել է՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ) հիմնադրամում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով խափանման միջոցի պայմանները խախտելու մեղադրանքով: Նախկին նախարարը մեղքը չի ընդունում և շինծու է որակել մեղադրանքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատարանը երկու ամսով կալանավորեց Աշոտյանին. փաստաբանն ասաց՝ որոշումը բողոքարկելու ենԴատարանը քննեց Աշոտյանի խափանման միջոցի հարցը, որոշումը կհրապարակի ուրբաթ կեսօրինԱրմեն Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու համար. ՔԿ