Քարդիֆում Ուելսին 2-4 հաշվով հաղթելուց հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը այսօր Երևանի Հանրապետական մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն։
Երկու թիմերը վերջին անգամ հանդիպել են 2014 թվականին, ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել էր Լատվիան։ 9 տարի անց հավաքականների ճանապարհները խաչվել են Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում։ Լատվիան մեկնարկային երկու տուրերում պարտվել է, Հայաստանի ընտրանին մեկ պարտություն և մեկ հաղթանակ ունի։
3 օր առաջ Ուելսին հաղթելուց հետո ստացվե՞լ է տրամադրել թիմին, երեկ նախախաղային ասուլիսին հարցրին ընտրանու գլխավոր մարզչին: «Շատ ենք քննարկում, զրուցում եմ ֆուտբոլիստների հետ», - պատասխանեց Ալեքսանդր Պետրակովը:
«Ինձ ասել են, որ հայ ֆուտբոլիստները կարողանում են մեկ խաղ խաղալ, երկրորդին չի ստացվում տրամադրվել, կազմում մեծ փոփոխություններ կատարել այս պահին չեմ կարող։ Տղաները ինձ շատ ուշադիր լսում են, դա հաճելի է», - ասաց Պետրակովը։
Լատվիայի հետ հանդիպումը ուկրաինացի մասնագետի համար չորրորդը կլինի ընտրանու ղեկին։ Պետրակովը մրցակցի մասին բարձր կարծիք ունի. - «Լատվիան շատ լավ, կարգապահ թիմ է, վաղուց այսպիսի Լատվիա չեմ տեսել, մարզիչը լավ է աշխատել, ծանր խաղ է լինելու»:
Հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են մի քանի օր առաջ. վերհիշելով Թուրքիայի հետ մարտին կայացած խաղը՝ լեփ-լեցուն տրիբունաներով, Ալեքսանդր Պետրակովը ասաց՝ կփորձեն չհիասթափեցնել երկրպագուներին. - «Մենք մեր ամբողջ ուժերը կդնենք խաղադաշտում՝ հարյուր տոկոսով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը զիջեց Թուրքիային 1:2 հաշվովԳլխավոր մարզչի հետ ասուլիսին ներկայացել էր նաև հավաքականի կազմում երկու խաղ անցկացրած և արդեն 4 գոլ խփած 19-ամյա Գրանտ Լեոն Ռանոսը։ Գերմանիայում ֆուտբոլային կրթություն ստացած խաղացողն ասաց՝ արդեն հարմարվել է թիմին:
«Մարզիչն ու խաղացողներն ինձ շատ օգնում են, հատկապես, որ հայերեն չեմ խոսում», - նշեց Ռանոսը:
Ուելսի դեմ խաղում երկուական գոլով աչքի ընկած Ռանոսին ու ամերիկյան MLS-ում հանդես եկող Լուկաս Զելարայանին նկատել են ֆուտբոլային հայտնի վիճակագրական կայքում. նրանք խաղային օրվա լավագույնների շարքում են։
«Ուելսի դեմ խաղը անկախ արդյունքից ու հաշվից Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլն էր խաղի տեսանկյունից: Այո, մենք ունեինք խնդիր մեր պաշտպանությունում, կային բացեր, դրանք մեծ հաշվով կապված էին նաև վնասվածք ունեցող ֆուտբոլիստների հետ», - ասաց Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը:
Ի տարբերություն Եվրո 24-ի որակավորման փուլի մեկնարկային երկու հանդիպումների Լատվիայի հետ խաղում Հայաստանի ընտրանին ֆավորիտի կարգավիճակ ունի, Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանի կարծիքով, եթե Հայաստանը պայքարում է եզրափակիչ փուլ դուրս գալու համար պետք է հաղթի խմբի հետնապահին:
«Եթե մենք չենք հաղթելու երկու խաղերում Լատվիային, ապա մենք անելիք չունենք Եվրոպայի առաջնությունում, մենք պետք է հենց այս տրամադրվածությամբ մոտենանք խաղին», - նշեց նա:
Հաջորդ տարի Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն ընտրական խմբերի լավագույն երկու հավաքականները։ Նույն խմբում է նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան։