Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ և պատրաստ է առանց նախապայմանների բարիդրացիական ու կարգավորված հարաբերություններ հաստատել հարևանների հետ. ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը։
Եվրոպայի համար գնահատելի են այն ջանքերը, որոնք Հայաստանը ներդնում է խաղաղության հասնելու համար, իր հերթին, նշել է Գերմանիայի նախագահը։ Նա կարևորել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ինչն, ըստ նրա, էական քայլ է հարաբերությունների հետագա կարգավորման գործընթացում:
Երկու երկրների նախագահները խոսել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության ներկա փուլի մասին: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը լիովին պատրաստ է առանց նախապայմանների շարժվել հարաբերությունների կարգավորման ուղիով, հայտնում են նրա աշխատակազմից։
Նախագահ Շտայնմայերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու Հայաստանի ջանքերին: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ Գերմանիան հետաքրքրված է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ և իր հնարավորությունների սահմաններում ջանքեր կգործադրի տարածաշրջանում հարատև կայունության հաստատմանը նպաստելու ուղղությամբ:
Նախագահ Խաչատուրյանը գերմանական կողմի հրավերով աշխատանքային այցով է գտնվում է Բեռլինում:
Այցի շրջանակներում նա մասնակցել է Բեռլինում անցկացվող Հատուկ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Հանդիպում է ունեցել նաև Հունգարիայի նախագահի հետ։