Սուդանում զինված հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը

Սուդան, արյունալի հակամարտություն:

Սուդանում երկրի կանոնավոր բանակի և արագ արձագանքման ուժերի զինված հակամարտության ընթացքում սպանվածների թիվը գերազանցել է 3 հազարը, ասել է առողջապահության նախարար Հայսամ Մոհամեդ Իբրահիմը:

«Ապրիլի կեսից սկսված բախումներում զոհվել է ավելի քան 3 հազար մարդ, առնվազն 6 հազար մարդ վիրավորվել է»,- նշել է նախարարը:

Կանոնավոր բանակի և արագ արձագանքման ուժերի արյունալի հակամարտության պատճառը տարաձայնությունն է Սուդանի զինված ուժերի զարգացման և դրանք քաղաքացիական հսկողության տակ դնելու հայեցակարգի շուրջ:

Բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը և արագ արձագանքման ուժերի հրամանատար Մոհամեդ Համդան Դագլոն միջազգային միջնորդների օգնությամբ մի քանի անգամ մարդասիրական հրադադար են կնքել, սակայն պայմանավորվածությունները խախտվել են:

Հերթական հրադադարը պետք է ուժի մեջ մտնի հունիսի 18-ի և պետք է տևի 72 ժամ:

Տասնյակ հազարավոր բնակիչներ հեռացել են Սուդանից և ապաստանել են հարևան երկրներում: