Թուրքիայի նորանշանակ պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Շվեդիան կմիանա ՆԱՏՕ-ին ահաբեկչության դեմ պայքարի համար մադրիդյան հռչակագրով ստանձնած պարտավորությունների կատարման դեպքում:
TRT թուրքական հեռուստակայանի փոխանցմամբ՝ Գյուլերն այսօր ասել է, որ նախօրեին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հավաքում, պաշտոնակիցներին տեղեկացրել է Անկարայի դիրքորոշման մասին:
«Մենք ասել ենք, որ Ստոկհոլմի հետ հանդիպումներում մեր աջակցությունն ենք հայտնել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և նշել, որ ստանձնած պարտավորությունները կատարելու պարագայում Շվեդիան էլ՝ Ֆինլանդիայի նման, կարող է անդամակցել դաշինքին»,- ասել է նախարարը:
Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան անցյալ տարվա հունիսի 28-ին Մադրիդում կնքել են եռակողմ հռչակագիր, որի համաձայն սկանդինավյան երկու երկրները պարտավորվել են հզորացնել պայքարն ահաբեկչության դեմ, արտահանձնել Թուրքիայում հանցագործներ համարվող ամբաստանյալներին, չսատարել քուրդ անջատականներին և կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին: Այդ դեպքում Թուրքիան չի առարկի ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկու երկրների անդամակցման դեմ:
Ֆինլանդիան այս տարվա ապրիլի 4-ին պաշտոնապես անդամակցել է Հյուսիսատլանտյան դաշինքին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ անդամըԵրկու երկրները որոշել են միանալ ՆԱՏՕ-ին, երբ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ին հարձակվել է Ուկրաինայի վրա: