Ադրբեջանցիներն այսօր ևս կրակել են Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ

Հայաստան-Արցախ սահմանագծի Հակարիի անցակետում լռություն, մեքենաների շարժ չկա։ Միայն ադրբեջանական ավտոներն են գնում-գալիս կամրջի տակով։

Երեկվանից Ադրբեջանն ամբողջությամբ փակել է անցակետը այն բանից հետո, երբ փորձել էին իրենց դրոշը տեղադրել կամրջից դեպի Սյունիք հատվածում։ Հայկական կողմը կրակոցով կանխել էր այդ փորձը։ Հիմա այդ հատվածում ձողը կա, դրոշը չկա։Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հաջիզադեն այսօր պնդել է՝ թե Հայաստանի տարածքում չեն փորձում դրոշ բարձրացնել. - «Երեկ, երբ Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող Հակարիի կամրջի վրա գտնվող Լաչինի սահմանապահ անցակետում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը, Սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղղությամբ կրակ է բացվել։ Այդ կամուրջը կառուցվել է Ադրբեջանի կողմից կարճ ժամակահատվածում, և պնդումները, թե դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում, անհիմն են»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ամենաթողության պայմաններում Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆԱպօրինի անցակետը Բաքուն օգտագործում է որպես էթնիկ զտման քաղաքականության շարունակման գործիք. Արցախի ԱԳՆԱդրբեջանական ԶՈՒ-ն Կապանի հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ. ՊՆԱդրբեջանցիները կրակել են Սոսի հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ

Դանիել Իոաննիսյան

«Հայ-ադրբեջանական սահմանն այդ հատվածում անցնում է Հակարի գետով», - ասում է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը՝ վկայակոչելով Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզը, որտեղ ֆիքսել է Հակարիի նոր կառուցված անցակետի տեղանքը. - «Վերցվում է արբանյակային լուսանկարներից Հակարիի կամրջի կոորդինատները, կոնվերտացիա է արվում կոորդինատային այլ համակարգի, որը որ օգտագործվում էր 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի կողմից, և 75 թվականի ԽՍՀՄ ԳՇ քարտեզում գտնում ենք այդ կետը։ Այնուհետև, որպեսզի ևս մեկ անգամ համոզվենք, որ իրոք ճիշտ կետ ենք գտել, այդ կետի շուրջը աշխարհագրական լանդշաֆտը թե' արբանյակային լուսանկարների և թե' ԳՇ քարտեզների համեմատում ենք, համոզվում ենք, որ իրոք ճիշտ կետ ենք գտել»։

Եթե իրանք տիրացան, հետո ուշ ա լինելու. Կոռնիձերի բնակիչ

Անցակետից մի քիչ դեպի հարավ գետի երկու ափերն էլ Ադրբեջան են: Բայց Հաքարիի կամրջի մոտ, ըստ քարտեզի, սահմանը հենց գետով է:
«Այս ափը Սյունիքի Կոռնիձորինն է։ Դրոշը տեղադրել փորձելուց առաջ Ադրբեջանում չգիտեի՞ն», - չեն զարմանում կոռնիձորցիները։ - «Աչքերը քոռ ա, որ էդ սահմանը մերն ա։ Չի՞ իմանում, որ Հայաստանինն ա»։

Սկզբում դրոշակն է գալիս, հետո իրենք։ Սահմանի բնակիչները մտածում են, որ ադրբեջանցիները հենց այնպես չեն փորձել, դարձյալ տարածք են ուզում. - «Բայց մենք պիտի թույլ չտանք։ Եթե իրանք տիրացան, հետո ուշ ա լինելու»։

Գյուղում նաև քննարկում են, թե Հայաստանն արցախին կապող այդ անցակետում նոր տարածքն ի՞նչ են անում ադրբեջանցիները, գուցե բեռներն ստուգելու համար է պետք. - «Ինչ մեքենա քինա, իրանք ստուգելու են... լրիվ գրանցելու են։ Համ հարկային ա նստելու, համ միլիցիան ա նստելու, ստեղ ինչ բեռ գնաց, հարկայինի պիտի փողը մուծես, փողը վերցնես, նոր շարժվես»։

Այժմ անցակետը ամբողջության փակ է Հայաստան-Արցախ ու հակառակ ուղղությամբ երթևեկության համար։ Երեկ այստեղից Ստեփանակերտ վերադարձան ռուս խաղաղապահների մեքենաները, նաև Կարմիր խաչի անձնակազմը, որ ծանր վիճակում գտնվող 25 հիվանդի պիտի երևանյան հիվանդանոցներ հասցներ։

«Մենք որոշում կայացրեցինք, որ հետ ենք վերադառնում և արդեն տեղափոխում ենք մեկ ուրիշ օրվա համար տվյալ գործունեությունը», - «Ազատությանը» փոխանցեց ԿԽՄԿ արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը։

Նրա տեղեկացմամբ, իրավիճակին հետևում են՝ հույսով, որ հնարավոր կլինի վերսկսել երթևեկը Հակարիի կամրջով։ Այսօր Ստեփանակերտում 27 հոգի սպասում էր, թե Երևան, հիվանդանոց պիտի հասներ։

Երեկ Տեղ գյուղի սահմանին վիրավորում է ստացել սահմանապահ ծառայության զինծառայող, 21-ամյա Արթուր Ազրոյանը։ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ զինծառայողը վիրահատվել է զինվորական հոսպիտալում, վիրահատությունը հարթ անցել, վիճակը կայուն ծանր է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը կրկին արգելում է հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով

Անցակետը փակ է նաև հումանիտար բեռների համար։ Քաղաքացիներին վառելիք չի տրամադրվի, խանութներում եղած սնունդը պետք է հավասարաչափ իրացնել։ Արցախի պետնախարարը հայտարարում է խնայողական խիստ ռեժիմի անցնելու անհրաժեշտության մասին. - «Պետք է լինել կազմակերպված, հավասարակշռված և զգոն»։

Վերջին օրերի սահմանային լարվածությունն այսօր էլ չի մարում։ Առավոտից պաշտոնական Երևանն ու Բաքուն միմյանց են մեղադրում սահմանի մի քանի ուղղություններում կրակ բացելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հաղորդում են՝ ժամը տասին ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զենքներից կրակել են օտարերկրյա ներդրումներով Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։

Երկու օր առաջ այս տարածքը դարձյալ ադրբեջանական զինուժի թիրախում էր, Հնդկաստանի երկու քաղաքացիներ բեկորային վիրավորում էին ստացել ։

Այսօր անցակետում որևէ շարժ չկա, լռություն է։ Միայն ադրբեջանական ավտոներն են գնում-գալիս կամրջի տակով։ Ադրբեջանական նոր դրոշ անցակետում չկա։