Reuters. ԱՄՆ-ը կարող է մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց

«Միացյալ Նահանգները կարող է մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց», - հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Գործակալության փոխանցմամբ` այս պահին ընթացող գաղտնի բանակցությունների արդյունքում Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Իրանը հրաժարվի իր միջուկային օբյեկտներում նոր, առավել ժամանակակից ցենտրիֆուգների տեղադրումից և սերտորեն համագործակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։

Ամերիկացի դիվանագետները նշել են` ԱՄՆ-ի նպատակն է, որ Իրանի կողմից ուրանի հարստացման մակարդակը չգերազանցի 60 տոկոսը։ Դրա դիմաց Վաշինգտոնը պատրաստ է վերացնել իրանական նավթի արտահանման վրա սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև ապասառեցնել օտարերկրյա բանկերում գտնվող իրանական ֆինանսական միջոցները։

Երեկ երեկոյան Իրանի հետ հարաբերություններին անդրադարձել է նաև Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ Թեհրանից Վաշինգտոնի հիմնական ակնկալիքները չորսն են՝ «նվազեցնել միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը, չապակայունացնել տարածաշրջանը, դադարեցնել Ռուսաստանին ցուցաբերվող աջակցությունը և ազատ արձակել իրանական բանտերում գտնվող ամերիկացիներին»։