Տեղի հատվածում այսօր Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում ստացած ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողն է Արթուր Ազրոյանը (2002թ.), հայտնում են գերատեսչությունից։
Վիրավորում ստացած զինծառայողին այս պահին վիրահատում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր, ասված է հաղորդագրության մեջ։
Երևանն ու Բաքուն այսօր հաղորդագրություններ տարածեցին՝ Տեղի հատվածում հրադադարը խախտելու փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով․ Երևանը, մասնավորապես, հաղորդեց, որ ժամը 11:45-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։ Բաքուն իր հերթին Հայաստանին մեղադրեց այսօր ժամը 11-ից Գորիսի շրջանի Տեղի դիրքերից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու համար։
Քիչ առաջ էլ ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ։