Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հատուկ ուղերձ է հրապարակել Ադրբեջանի ազգային փրկության օրվա և Շուշիում երկու երկրների հռչակագրի կնքման երկրորդ տարեդարձի կապակցությամբ:
Ադրբեջանում «Ազգային փրկության օր» են սահմանել հունիսի 15-ը, քանի որ 1993 թվականին այդ օրը նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի առաջարկով վետերան պետական գործիչ Հեյդար Ալիևը՝ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայրը, Նախիջևանից վերադարձել է Բաքու և ստանձնել է Ադրբեջանի ղեկավարումը:
Իսկ 2021-ի հունիսի 15-ին Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնքել են դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը, որով պարտավորվել են զարգացնել հարաբերությունները և անհրաժեշտության դեպքում օգնել միմյանց:
«Շնորհավորում ենք Շուշիի հռչակագրի կնքման երկրորդ տարեդարձի և Ադրբեջանի Ազգային փրկության օրվա կապակցությամբ: Մեր համերաշխությունն Ադրբեջանի հետ հավերժ է լինելու»,- ասվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության հրապարակած ուղերձում: