Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարկ Լիբբիի համոզմամբ, կայուն և արժանապատիվ խաղաղության համար կենսական նշանակություն ունի ինչպես տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, այնպես էլ տարածաշրջանի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցի լուծումը։
Դիվանագետն այս մասին հայտարարել է ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ նախօրեին դեսպանի պաշտոնում նրա թեկնածության շուրջ լսումներ են կայացել։
Պատասխանելով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հարցին՝ Լիբբին վստահեցրել է՝ իր թեկնածությունը հաստատվելու դեպքում կշարունակի ԱՄՆ ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև արդար և կայուն խաղաղության համաձայնությանը։
«Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, և Միացյալ Նահանգները պետք է շարունակի դատապարտել բռնությունը կամ բռնության սպառնալիքները։ Բայց ԱՄՆ-ի և մեր եվրոպացի գործընկերների օգնությամբ կողմերն ավելի քան երբևէ մոտ են համաձայնության հասնելուն, և եթե ինձ հաստատեն, ես պարտավորվում եմ օգնել նրանց այս հարցում՝ Բաքվում ակտիվ և համառ աշխատանքով», - հավաստիացրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ուղիղ բանակցությունները երկարատև խաղաղության հասնելու բանալին են». Վաշինգտոնում սպասում են Միրզոյանին և Բայրամովին