Գնդակոծելով Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանը՝ Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ, հայտարարում է պաշտոնական Երևանը։
«Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության հետ բոլոր ուղղություններով բանակցային գործընթացներում առաջնորդվում է միմիայն ուժի ապօրինի կիրառմամբ իր ցանկալի լուծումները Հայաստանի Հանրապետությանը պարտադրելու սկզբունքով, ինչի համար նպաստող կամ խրախուսող միջավայր է ընկալում միջազգային հանրության մեղմ արձագանքը և ամենաթողությունը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նախիջևանի սահմանից 800 մետրի վրա՝ Երասխ գյուղի Բարեկամության փողոցում մետալուրգիական գործարանի շինարարություն է սկսվել, և սա «խիստ անհանգստացրել է» Ադրբեջանի բնապահպանության նախարարությանը։ Բաքուն պնդել էր, թե «առանց այդ գործունեությունը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու» Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։
Պաշտոնական Երևանն ուշադրություն է հրավիրում, որ այսօր կրակ է բացվել ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ:
«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Սրան նախորդել էին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին վերոնշյալ գործարանի կառուցման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը նախորդիվ արդեն հայտնել էր, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, և որ Ադրբեջանի կեղծ անհանգստությունը պարզապես նպատակ ունի խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները», - շեշտում է արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Կառույցը նաև կոչ է անում միջազգային հանրությանը հստակ քայլեր ձեռնարկել՝ «սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և անհիմն, անտրամաբանական և կամայական պահանջներին ուժի և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով հասնելու անընդունելի քաղաքականությունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի զինուժը կրակել է Երասխի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մետալուրգիական գործարանի շահագործմանը վերաբերող Բաքվի հայտարարությունն անհիմն է. ՇՄ նախարարություն