Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հետագայում էլ ամենայն վճռականությամբ պաշտպանելու է և՛ Թուրքիայի, և՛ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության շահերը:
Այդ մասին նա ասել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի հյուսիսային շրջանում, որը թուրքերն անվանում են «Լեֆկոշա» և իրենց մայրաքաղաքն են համարում:
Էրդողանի խոսքով, թուրքերը երբեք փոքրամասնություն չեն եղել Կիպրոսում և չեն էլ լինի, հետևաբար, չարժե անտեսել իրականությունը և երազել կղզու միացյալ ինքնիշխանության մասին:
«Ավելի քան կես դար է մսխվել Կիպրոսի հունական մասի անզիջում դիրքորոշման պատճառով, ոչ ոք թույլ չի տա ևս 50 տարվա կորուստ: Կիպրոսի հարցով բանակցությունները վերսկսելու համար պետք է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»,- հայտարարել է Էրդողանը:
Նրա խոսքով, թուրքերը մշտապես ցանկացել են կառուցողական դիրքորոշում դրսևորել և արդյունքի են ձգտել Կիպրոսի շուրջ երկխոսությունում:
Միայն Անկարայի կողմից ճանաչված այդ կազմավորման նախագահ Էրսին Թաթարն, իր հերթին, ասել է, որ Լեֆկոշան վճռական է ընտրած ճանապարհով առաջ գնալու հարցում:
«Մեր թիկունքում համաշխարհային հսկա Թուրքիան է, Թուրքական Հանրապետության նախագահը»,- հայտարարել է Էրսինը:
Էրդողանն, ավանդույթի համաձայն, ընտրվելուց հետո արտասահմանյան առաջին այցերը կատարում է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» և Ադրբեջան: Այսօր երեկոյան նա պետք է հասնի Բաքու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ թուրքական մամուլի՝ Էրդողանը դրսի առաջին այցերը կատարելու է թուրքական Կիպրոս ու Ադրբեջան