Ադրբեջանական զինուժը այսօր արդեն երկրորդ անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ երեկոյան կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմը կորուստներ չունի։ Ժամը 21:50-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է, ասված է հաղորդագրության մեջ։
Խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին, հայտնում են Արցախից։
Պաշտպանության բանակը ժամերը առաջ ևս հրադադարի ռեժիմի խախտման մասին էր հաղորդել՝ ժամը 11:00- 17:30-ի սահմաններում շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում։ Ըստ հայկական կողմի՝ ադրբեջանական զինված ուժերը կիրառել էին հրաձգային զինատեսակներ։
Բաքուն, իր հերթին, հայկական կողմին է մեղադրել «կրակոց արձակելու համար»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն ավելի քան 3 ամիս է՝ գրեթե ամեն շաբաթ նման բովանդակությամբ հաղորդագրություններ է տարածում։ Այս պնդումները Հայաստանի ռազմական գերատեսչությունը ապատեղեկատվություն է որակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հերթական գործողությո՞ւնն է նախապատրաստում, թե՞ այլ նպատակ է հետապնդում