Յուրաքանչյուր ժողովուրդ ունի զավակներ, որոնց մեծությունն անառակելի է։ Մեր ժողովրդի համար նրանցից մեկը Արամ Խաչատրյանն է՝ իր երաժշտական հզոր հանճարով ու թողած ստեղծագործական բացառիկ ժառանգությամբ։
Այսօր լրացավ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան120-ամյա հոբելյանը, որն այս տարի կառավարության նախաձեռնությամբ կնշանավորվի ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան մի շարք երկրներում բազմաթիվ իրադարձություններով։
Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում 19-րդ անգամ կմեկնարկի «Խաչատրյան» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթը, որն ավանդաբար սկսվում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։
Առավոտյան մարդաշատ էր Կոմիտասի անվան պանթեոնը, որտեղ Արամ Խաչատրյանի շիրիմին ծաղիկներ խոնարհեցին և իրենց հարգանքի ու սիրո տուրքը մատուցեցին նրա արվեստի երկրպագուները, մրցույթի մասնակիցները, կոմպոզիտորներ, արվեստագետներ, կառավարության անդամներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. - «Գուցե Խաչատրյանի ամենամեծ կարևորությունը այն է, որ Խաչատրյանը միշտ այժմեական է։ Մեր կարևոր անելիքն է անընդհատ վերաիմաստավոր և անընդհատ նորովի ներկայացնել այն ժառանգությունը, որ ունենք... Կարծում եմ, նրա մեծությունը հենց նրանում է, որ սկսած ամենափոքր տարիքից էդ երաժշտությունը մեզ ուղեկցում է։ Կյանքի բոլոր փուլերի համար, բոլոր իրավիճակների համար խաչատրյանական երաժշտությունը տեղին է, տալիս է քեզ մտածելու, խորհելու և հասկանալու հնարավորություն։ Սա երևի ամենակարևորն է։
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը նշեց. - «Խաչատրյանը ինձ համար մշակութային, քաղաքակիրթ աշխարհի մեծ ընտանիքում ազգային միավոր համարվելու իրավունք է։ Մենք ունեն Արամ Խաչատրյան, ունենք Արամ Խաչատրյանի հանճարեղ մեծ երաժշտարվեստը, դրանով մենք լիիրավ և լիարժեք անդամակցում ենք աշխարհի հանճարեղ ժողովուրդների մեջ»։
«Շատ մեծ դրական լիցքեր հաղորդող, ամենակենսական մեծ ուժով օժտված, ամենաճանաչված, ամենափառահեղ և' կյանք, և' կենսագրություն, և' երաժշտական ժառանգություն թողած մեր ամենա-ամենաներից...» - ասաց Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը։
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը շեշտեց. - «Խաչատրյանը մեծ հետք թողեց մեր հայկական երաժշտության մեջ։ Եղան մարդիկ, որոնք նույնիսկ ոճական նման էին, բայց հետո դառան մեծություններ, օրինակ նույն Բաբաջանյանը, Միրզոյանը։ Խաչատրյանի մի առանձին ուղի բացեց, և դա շատ կարևորում եմ մեր կոմպոզիտորական դպրոցի համար։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի, Խաչատրյանը ամենակատարվող կոմպոզիտորն է աշխարհում»։
Արդեն ավանդույթ է դարձել այս 19 տարիների ընթացքում, որ «Խաչատրյան» երաժշտական միջազգային մրցույթի մասնակիցները մրցութային հանձնաժողովի անդամների հետ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը նախ այցելում են նրա շիրիմին, ապա մասնակցում լրագրողների հետ հանդիպմանը, իսկ հետո էլ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցող համերգով ազդարարվում է «Խաչատրյան» միջազգային երաժշտական մրցույթի բացումը։
Այս տարի մրցույթին մասնակցում են միայն դաշնակահարները՝ 22 դաշնակահար 7 երկրից։ Տարբեր երկրների անվանի երաժիշտներից բաղկացած մրցութային հանձնաժողովը գլխավորում է անվանի դաշնակահար Սերգեյ Սարաջյանը։ Նա այս մրցույթի հիմնադիրներից է՝ Արմեն Սմբատյանի հետ համատեղ։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արմեն Սմբատյանը շեշտում էր. - «Խաչատրյանի միջազգային մրցույթը շատ հոգեհարազատ է, քանի որ կանգնած էի մրցույթի ստեղծման ակունքներում։ Եվ տարեցտարի Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթը թափ է հավաքում։ Ես լսել եմ բոլոր մասնակիցներին և պետք է ասեմ, որ շատ հզոր մրցույթ պետք է լինի։ Կարծում եմ, որ բոլորի համար և մեր ժողովրդի համար, մեր երաժշտասերների համար շատ մեծ հետաքրքրություն կլինի»։
Հիմնադրման օրից «Խաչատրյան» միջազգային երաժշտական մրցույթի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Խոսելով այսօր երեկոյան կայանալիք մրցույթի բացման համերգի մասին՝ նա ընդգծում էր. - «Պետք է ասեմ, որ այսօր մեր հետ ելույթ կունենա Ջենիֆեր Փայքը, որը որ մեր հետ էր բեմում Միացյալ Թագավորությունում, և դա նույնպես շատ հատկանշական է։ Իսկապես մրցույթը՝ որպես հարթակ երիտասարդ տաղանդներին բացահայտելու, ունենք մեծ ակնկալիքներ, որովհետև մրցույթի հաջողությունը ոչ միայն 19 տարիների հաջողության պատմություն է, այլև այն է, որ այսօր աշխարհում տաղանդները, որոնք որ ելույթ են ունենում լավագույն նվագախմբերի, լավագույն դիրիժորների հետ, հաղթել են մեր մրցույթը։ Դա խոսում է մեր մրցույթի լիիրավ միջազգային ստանդարտներին համապատասխան լինելու մասին։ Բարի երթ մրցույթին»։