Դեպքից միայն երկու ամիս անց ու միայն երեկվա աղմուկից հետո դատախազը որոշեց քրեական հետապնդում հարուցել անչափահաս տղային հարվածներ հասցրած ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանի նկատմամբ։
Նախքան համացանցում ծեծի տեսանյութի տարածումը, սակայն, նույն այդ դատախազությունում որոշել էին, որ Ղայթմազյանը զղջացել է և նրան մեղադրանք չէին առաջադրել։ Ոստիկանությունն էլ բավարարվել էր նրա լիազորությունները դադարեցնելով։ Եվ միայն երեկվա հանրային բողոքից հետո բարձրաստիճան ոստիկանին մեղադրանք առաջադրվեց անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով։ Քննիչին հանձնարարվել է նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացնել դատարան։
Բարձրաստիճան ոստիկանի կողմից բռնության ենթարկված 17-ամյա տղայի ընտանիքը պնդում է՝ Արսեն Ղայթմազյանը պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվի։
«Մենք՝ ծնողներս, իրան չենք ներել ու չենք ներելու: Իրան ոչ մեկը չի ներել, ու բողոքը մենք հետ չենք վերցնելու, պիտի դատվի», - ասաց տղայի մայրը:
Իրավապահները միայն երեկ համացանցում հայտնված տեսագրությունից հետո հաղորդեցին երկու ամիս առաջ Տավուշի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին։ Դեպքից մեկ ամիս անց՝ ընտանիքի դիմումի հիման վրա քրեական գործ էր հարուցվել՝ ֆիզիկական ներգործության հոդվածով, անչափահաս տղան ճանաչվել էր տուժող։ Բայց քանի որ Դիլիջանի քրեականի պետը զղջացել էր, իսկ տղան էլ մարմնական վնասվածքներ չէր ստացել, դատախազությունը որոշել էր մեղադրանք չառաջադրել Ղայթմազյանին։ Հարբած վիճակում հյուրանոց հասած բարձրաստիճան ոստիկանը 17-ամյա Արազ Ամիրյանին սենյակի մասին էր հարցրել ու զայրացել, երբ տղան ասել էր, որ պետք է դրա համար վճարի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազատության» տեղեկություններով՝ դատախազը վերացրել է 17-ամյա պատանուն հարվածած ոստիկանին մեղադրանք չառաջադրելու որոշումը«Իր աշխատանքն ա կատարել, նենց չի, որ ինքն ա հարձակվել, նենց չի, որ եսիմ ինչ... ինքն իրա պարտականությունն ա արել աշխատանքի մեջ», - նշեց մայրը:
Արաքսյա Անտինյանը պատմեց՝ որդին ընդամենը մի քանի օրվա աշխատող էր։ Տղան մի քանի օր շարունակ ոչինչ չի պատմել, պատառոտած հագուստն աշխատանքի վայրից տուն չի բերել, որ ծնողները չիմանան։ Բայց նկատելով տղայի պահվածքը՝ գիշերները չքնելը, չսնվելը, մայրն ի վերջո իմացել է եղելությունը։ Մայրը միայն երեկ է տեսել համացանցում տարածված ծեծի տեսագրությունը։ Ասաց, որ ոստիկանը եկել, ներողություն խնդրել է, բայց դա իրենց չի համոզել։
«Հյուրանոց կամերաներից ա, ես տեղյակ չեմ եղել, ես իմ աշխատանքի ընդմիջման ժամին պատահական ինտերնետը բացել եմ ու տեսել հենց էդ», - պատմեց նա:
Մեծ աղմուկ հանած միջադեպից հետո Արազ Ամիրյանի փաստաբանը, ինչպես նաև իրավապաշտպանները հայտարարեցին՝ դեպքին ընթացք չտալու դատախազության որոշումը հովանավորչություն է, իրավապահները փորձում են կոծկել բարձրաստիճան ոստիկանի արարքը։