Օվերչուկ․ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում և Թուրքմենստանում աճում է հետաքրքրությունը ԵԱՏՄ հանդեպ

«Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Թուրքմենստանի գիտական, փորձագիտական և գործարար շրջանակներում աճում է հետաքրքրությունը ԵԱՏՄ հանդեպ», - այսօր Պետդումայում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նաև ԵԱՏՄ և Թյուրքական պետությունների կազմակերպության միջև հարաբերությունների սերտացման առաջարկներ են ի հայտ գալիս», - հայտարարել է Օվերչուկը։

«Եվրասիական միությունն այնպիսի գրավիչ ինտեգրացիոն ուրվագիծ պետք է ձևավորի, որ այլ երկրներ ևս ցանկանան միանալ այդ կառույցին։ Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ում բազմաթիվ հարցեր արդեն իսկ լուծված են, այն կարող է Եվրասիայում տնտեսական ձգողականության կենտրոն դառնալ», - նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա: Անդամ երկրներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղըզստանը: Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցում է 2015 թվականի հունվարի 2-ից: