Երևանը կոչ է անում Վաշինգտոնին համարժեք արձագանքել հայտարարություններին

Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունները հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ, ինչի մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունն՝ արձագանքելով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի կողմից մայիսի 30-ին արված մամուլի հայտարարությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում

Մեթյու Միլլերը, մասնավորապես, ասել է, որ ԱՄՆ բարձր է գնահատում վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և ողջունել Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ [Ղարաբաղի նկատմամբ] համաներում քննարկելու մասին հայտարարությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել Միացյալ Նահանգներին, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, համարժեք արձագանքել այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները։

«Մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը: Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն», - ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:

Բրյուսելյան բանակցություններից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հստակեցնելով՝ դրա մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս. Նիկոլ Փաշինյան

Մոսկովյան բանակցություններից մի քանի օր անց, սակայն, Ադրբեջանի նախագահը Լաչին կատարած այցի ընթացքում սպառնալից հայտարարություններ արեց. մասնավորապես, պնդեց, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի իրենց մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա»։ Հայաստանը «չպետք է մոռանա, որ Լաչինից երևում են Հայաստանի գյուղերը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ալիևը Հայաստանի Հանրապետությանը կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով». ԱԳՆ

Դիմելով արցախահայերին՝ ադրբեջանական պետության ղեկավարը պնդեց. - «Ձեր գիրքը փակված է: «Միացում» գիրքը փակված է, եկել է անջատողականության վերջը: Անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Իսկ կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկեցինք ուր պետք է»: Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին», - հայտարարել է Ալիևը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրաժարվում է արդյո՞ք Ադրբեջանի նախագահը բրյուսելյան պայմանավորվածություններից. Փաշինյանը պարզաբանում է պահանջում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կոչ է անում Հայաստանին ոչ թե խոսքով, այլ գործով հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը