Ազատի կացարանի հրդեհի գործը քննող իրավապահները «չեն ցանկանում մեղավորներին զորամասային օղակից վերև փնտրել». փաստաբան

Ազատի զինվորական կացարանում հրդեհից զոհված զինվորների գործով 5 մեղադրալներից մեկի՝ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանի փաստաբանը կասկածներ ունի, որ այս գործը քննող իրավապահները չեն ցանկանում մեղավորներին զորամասային օղակից վերև փնտրել։

«Ես չեմ կարծում, որ վարույթն իրականացնող մարմինը կգնա առաջ, և մեղադրյալներ կլինեն Գլխավոր շտաբից, մեղադրյալներ կլինեն Պաշտպանության նախարարությունից, կամ մեղադրյալներ կլինեն այլ գերատեսչություններից։ Այն գերատեսչություններից, ովքեր որ պարտավոր էին տվյալ դեպքում ստորաբաժանումներին, զորամասին օգնել կացարանների ապահովման գործում», - ասաց փաստաբան Վահագն Հակոբյանը։

Մեղադրող կողմն այսօր պահանջում էր ևս երկու ամսով երկարաձգել զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի կալանքը։ Մինչդեռ փաստաբանը պնդում է, թե քրեական գործով բավարար տեղեկություններ կան, որ իր պաշտպանյալը չի եղել զորամասի հակահրդեհային պաշտպանության ծառայության պետը, ինչպես նշված է մեղադրանքում, ուստի չէր կարող չկատարել իրեն վերագրվող պարտավորությունները. - «Փորձ է արվում էս մեղադրանքը պահել, էս ձևով գործը հասցնել դատարան էն պայմաններում, երբ քրեական գործով կան կոնկրետ անձինք, կան կոնկրետ պաշտոնատար անձինք, ում վրա կոնկրետ ստորաբաժանման հետ կապված դրվել է հակահրդեհային ծառայության պարտականություններ, սակայն այդ մարդը ոչ միայն մեղադրյալի կարգավիճակ չունի, այլ ազատության մեջ է։ Վարույթն իրականացնող մարմինը շատ լավ գիտի ով է էդ մարդը և ովքեր են այն մարդիկ, ովքեր էս քրեական գործով վաղուց պետք է ունենային մեղադրյալ դատավարական կարգավիճակ առնվազն»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մնում է փողոց փակենք, որ ուշադրության արժանանանք». Ազատում հրդեհից զոհված զինվորի հարազատ Ազատում հրդեհից զոհված զինվորների հարազատները վաղ առավոտից փակել էին կառավարության շենքին հարակից փողոցները Ազատի զինվորական կացարանում հրդեհի զոհերի ծնողները դժգոհ են քննության ընթացքիցԱզատում հրդեհից զոհված զինվորների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին

Զոհված զինվորների ծնողների շահերի պաշտպանն անուններ է պահանջում մեղադրյալներից։ «Ինչո՞ւ են լռում, եթե կարող են գործի քննությանը օգուտ տալ», - հարցնում է փաստաբան Նորայր Նորիկյանը։ - «Գտնում եք, որ մեղավորնե՞ր կան, գտնում եք, որ բարձրաստիճան սպանե՞ր են ներքաշված էս գործում, գտնում եք, որ տեղի է ունեցել առավել ծանր հանցագործությո՞ւն, տեղեկացվա՞ծ եք... խնդրեմ, որևէ մեկը չի կաշկանդում ձեզ թվարկել էդ մարդկանց անունները։ Ինքս իմ մասով, որպես տուժողների լիազոր ներկայացուցիչ, երաշխավորում եմ՝ տվեք անուն, գնանք դրանց հետևից մինչև վերջ դրանց քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար։ Հակառակ պարագայում էդ դատողությունները... շղարշ ստեղծելու միտում ունի»։

Քննության ընթացքից դժգոհ են նաև այրված զինվորների հարազատները. կորցրել են հավատը, թե ի վերջո կպարզվի ինչպես բռնկվեց հրդեհը, ինչպես մոխրացան իրենց որդիները։ Մեկ ամիս առաջ նրանք փողոցներ էին փակում՝ պահանջելով հանդիպում վարչապետի ու Պաշտպանության նախարարի հետ։ Փաստաբանն ասաց՝ որդեկորույս 15 ծնողների խնդրանքը մնաց անարձագանք. - «Նոր բան մենք չենք իմացել»։

Զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանի մայրը՝ Ծաղիկ Գաբրիելյանը այսօր դատարանի բակում էր։ Ասում էր պատերազմների միջով անցած որդին քչախոս է, ծանր է տանում կատարվածը, միակ հույսը՝ արդար դատավարությունն է. - «Ես ուղղակի արդարություն եմ ուզում։ Ուրիշ ոչ մի բան»։

Չորս ամիս առաջ ունեցած ողբերգությունից հետո գործում ներգրավված հինգ մեղադրյալներից երեքը շարունակում են կալանքի տակ մնալ։ Մառլեն Սարգսյանից բացի, անազատության մեջ են նրա տեղակալ Գոռ Աղեկյանն ու կապիտան Եղիշե Հակոբյանը, որը, ըստ պաշտոնական վարկածի, փորձել էր բենզինով թեժացնել զինվորական կացարանի վառարանը, ինչից էլ ծագել էր հրդեհը։ Մյուս երկուսը ազատության մեջ են։

Կալանքի միջնորդությունները դռնփակ են ընթանում, Մառլեն Սարգսյանի խափանման միջոցը երկարացնելու հարցը դեռ քննարկվում է։

Մինչ այդ նախաքննությունից մանրամասներ չեն հաղորդում փաստաբանները։ Այդուհանդերձ, և' զինվորականի, և' ծնողների փաստաբանները պնդում էին՝ վկաների ցուցմունքերը հակասական են, հետևությունը մեկն է՝ ուրեմն ինչ-որ մեկը խաբում է։ Ու այս անպատասխան հարցերի ֆոնին տարակուսում են՝ ինչպե՞ս հասկանալ վարչապետի շտապողականությունը, երբ դեպքից 24 ժամ չանցած պաշտոնական վարկած էր ներկայացնում, որն էլ հետո դարձավ հիմնականը։