Չարաբաստիկ Z տառը նաև սերբերին է ոգևորել
Բախումներ, զայրացած ամբոխ, արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակեր: Այսպիսի վիճակ է Կոսովոյի հյուսիսում գտնվող հիմնականում սերբաբնակ ավաններում: Այստեղ անդորրն ապահովելու կոչված ՆԱՏՕ-ի խաղաղապահ ջոկատները շրջապատել են տեղական իշխանության վարչական շենքերը, փշալարեր և արգելապատնեշներ են տեղադրել:
Զայրացած սերբերը խմբերով գրոհել են խաղաղապահների վրա, փորձելով ճեղքել նրանց շարքերը և ներխուժել տեղական իշխանության շենքեր:
Խաղաղապահները ՆԱՏՕ-ի առաջնորդած միջազգային դաշինքից են, որը հայտնի են KFOR հապավումով՝ Kosovo Force: Նրանք 1999 թվականից են տեղայակված այդ անհագիստ երկրամասում: Ժամանակին զինաթափել են թե՛ Կոսովոյի ազատագրության բանակի և թե' սերբերի ռազմական ջոկատների զինյալներին:
Սերբերը խաղաղապահների զրահամեքենաների վրա ներկով գրել են Z տառը՝ Կիևին պատերազմ հայտարարած ռուսական բանակի խորհրդանիշներից մեկը: Գուցե այդպես սերբերն ակնարկում եմ ռուսների հետ համերաշխության և աշխարհաքաղաքական հայեցակարգով նույն տարածքում գտնվելու մասին:
Ընտրություններ՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել
Կոսովոյի հյուսիսում վիճակը ծայրաստիճան սրվել է տեղական ընտրություններից հետո: Երբ Սերբիայի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների կողմից չճանաչված, բայց ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների կողմից ճանաչված Կոսովոյի իշխանությունները հուսիսային շրջանում ապրիլի 23-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակել՝ սերբերը դրանք բոյկոտել են, քանի որ մասնակցությունը կվկայեր Կոսովոյի իշխանության եթե ոչ ճանաչում, ապա առնվազն ինչ-որ ձևով ընդունում:
Սերբերը չեմ մասնակցել ընտրություններին, իսկ Կոսովոյի այդ շրջանում փոքրամասնություն կազմող ալբանացիները մասնակցել են, և արդյունքում հիմնականում սերբաբնակ ավաներում ընտրվել են ալբանացի ղեկավարներ, ովքեր ցանկանում են աշխատել ՏԻՄ կառույցներում:
Վրդովված սերբերն էլ հիմա պահանջում են իրենց թույլ տալ մտնել այդ շենքեր: Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբերն իրենց մայրաքաղաքն են համարում ոչ թե Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինան, այլ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը:
Սերբերը մեղադրում են Կոսովոյի վարչապետին
Սերբերը համոզված են, որ կացությունը միտումնավոր սրում է Կոսովոյի ազգայնական վարչապետ Ալբին Կուրտին:
«Սերբերը ոչ մի խնդիր չունեն ալբանացիների հետ, մեր խնդիրը Ալբին Կուրտիի ռեժիմն է, նա ամեն բան անում է այստեղ սերբերին և ալբանացիներին քաոսը գցելու համար: Նա ուզում է ներկայանալ իբրև մի մեծ կամ փոքր «Զելենսկի» կամ նման մեկը, և չի մտածում, թե որն է դրա գինը: Այստեղ ապրող ալբանացիները խաղաղություն են ուզում, իսկ Կուրտին հատուկ ջոկատներին կարգադրում է ներխուժել վարչական շենքեր», - ասել է տեղացի քաղաքական գործիչ Իգոր Սիմիչը: Նրա խոսքով, չի կարելի թույլ տալ, որ պաշտոները ստանձնեն ֆեյք-քաղաքապետեր:
Մինչդեռ, KFOR-ը հայտարարել է, որ հետևելու է իր մանդատին և անկողմնակալ ու չեզոք եղանակով կձեռնարկի կայունություն ապահովելու անհրաժեշտ միջոցներ:
Խաղաղապահները հայտնել են, որ մշտական կապի մեջ են Կոսովոյի և Սերբիայի անվտանգության կառույցների հետ:
Բախումներում վնասվածքներ են ստացել առնվազն 25 խաղաղապահներ և ավելի քան 50 սերբեր:
Բելգրադը խիստ մտահոգված
Այս իրադարձություններին մեծագույն մտահոգությամբ հետևում են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:
«Կոչ եմ անում Կոսովոյի սերբերին, գիտեմ, թե որքան դժվար է, բայց կոչ եմ անում՝ մի ներքաշվելք ՆԱՏՕ-ի հետ հակամարտության մեջ: Ոչ թե որովհետև վախենում եմ, մենք չենք վախենում, կորցնելու ոչինչ չունենք, բայց դա մի արեք, որովհետև հենց կոնֆլիկտն է Կուրտիի ուզածը»,-ասել է Վուչիչը:
Նա արձակել է Սերբիայի բանակը բարձր աստիճանի պատրաստության բերելու հրաման և կարգադրել է ստորաբաժանումներին մոտենալ Կոսովոյի հետ սահմանին:
ԵՄ-ն Պրիշտինային կոչ է անում դադարեցնել ոստիկանության գործողությունը
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր կողմերին կոչ է արել անհապաղ վերջ տալ հակամարտությանը: Նա հատուկ ուղերձով դիմել է Պրիշտինային:
«Կոսովոյի իշխանություններից ակնկալում եմ ոստիկանական գործողության դադարեցում, իսկ բռնության դիմող ցուցարարներին կոչ եմ անում վերջ տալ այդ գրոհներին։ Մենք կշարունակենք երկու լիդերների [Կոսովոյի և Սերբիայի ղեկավարների] երկխոսությունը կայացնելու ջանքերը», - ասել է Բորելը:
«Կոսովոն Սերբիայի սիրտն է»
Երեկ իր խոսքն է ասել մոլորակի թերևս ամենահայտնի սերբերից մեկը՝ լեգենդար թենիսիստ, 22 անգամ Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթած Նովակ Ջոկովիչը:
«Կոսովոն Սերբիայի սիրտն է, դադարեցրեք բռնությունը», - տեսախցիկի ոսպնյակի վրա սերբերեն գրել է Ջոկովիչը:
Նա ասում է, թե միակ բանը, որ կարող է անել իբրև հանրային ճանաչում ունեցող մարդ՝ այդ ուղերձն է աշխարհին:
«Որպես Կոսովոյում ծնված հոր զավակ, զգում եմ, որ իմ աջակցությունը պետք է հայտնեմ ժողովրդին և ամբողջ Սերբիային: Ցավում եմ այս վիճակի համար, քանի որ Կոսովոն սերբերի օջախն է, հենակետը, երկրի պատմական կարևոր իրադարձությունների կենտրոնը, այնտեղ էր ամենամեծ ճակատամարտը, այնտեղ են կարևոր վանքերն ու տաճարները», - ասել է Ջոկովիչը և խոստովանել, թե ինքն էլ պատկերացում չունի հակամարտության կարգավորման ուղիների մասին:
«Դիրքորոշումս հստակ է՝ դեմ եմ պատերազմին, բռնությանը, որևէ տեսակի հակամարտությանը, դա եմ միշտ ասել: Կարեկցում եմ բոլորին, բայց Կոսովոյի այս իրավիճակը՝ պետք է նախադեպ լինի միջազգային իրավունքի առումով», - ասել է Ջոկովիչը: