Պաշտոնական Բաքուն «ֆեյք» է որակում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Հայաստանի տարածք ներթափանցման և երկու հայ զինծառայողների առևանգման մասին Երևանի հաղորդումը:
«Հայաստանը երբեք դասեր չի քաղում իր սխալներից: Իր սադրանքների համար ներողություն խնդրելու փոխարեն հայկական կողմը ֆեյք լուրեր է տարածում իբր Ադրբեջանի կողմից իրականացվող ներթափանցման գործողությունների մասին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:
«Հայաստանը պետք է դադարեցնի սադրանքները, վերադարձնի պահվող ադրբեջանցի զինվորներին և տեղեկատվություն տրամադրի անհետ կորած 3 հազար 890 անձանց մասին», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Այխան Հաջիզադեն:
Մայիսի 26-ից որոնվող երկու հայ զինծառայողների դեմ Բաքուն 6, այդ թվում՝ ահաբեկչության, բռնությամբ ազգամիջյան ատելություն հրահրելու ու մաքսանենգ ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու հոդվածներով քրեական գործ է հարուցել, դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է պետական սահմանն ապօրինի հատելու, դիվերսիոն ներփանցման փորձ իրականացնելու համար։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի պնդումները՝ դրանք բացարձակ սուտ ու ապատեղեկատվություն որակելով։ Ռազմական գերատեսչությունից հայտնում են, որ մարտական հենակետեր սնունդ մատակարարող զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն առևանգվել են։ Հայաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է Հայաստանի սահմանն ու առևանգել զինծառայողներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հայտարարում է հայ զինվորների առևանգման մասին, Բաքուն ահաբեկչության հոդվածով քրգործ է հարուցել նրանց դեմԱյս միջադեպը հաջորդում է ապրիլին Նախիջևանից Սյունիքի մարզ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողների դեպքին։ Հայկական կողմը նրանց մեղադրեց սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Երկու զինծառայողներից մեկը՝ Ագշին Բաբիրովը մայիսի սկզբին դատապարտվեց 11.5 տարի ազատազրկման։ Երկրորդ զինծառայող Հուսեյն Ախունդովի գործը դեռ նախաքննության փուլում է, նա մեղադրվում է նաև Կապանի բնակչի սպանության համար։