Հենրի Քիսինջերը 100 տարեկան է

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջեր, արխիվ

Արդի քաղաքական ասպարեզի ամենափորձառու գործիչներից մեկը` ԱՄՆ դիվանագիտության վետերան, նախկին պետական քարտուղար, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը մայիսի 27-ին նշեց ծննդյան 100-ամյակը:

Նա ԱՄՆ պատմության ընթացքում միակն է, ով միաժամանակ զբաղեցրել է այդ երկու պաշտոնները:

Քիսինջերը ծնվել է հրեաների ընտանիքում 1923 թվականի մայիսի 27-ին Վայմարյան հանրապետության (ներկայիս Գերմանիա) Բավարիայի երկրամասի Ֆյուրտ ավանում:

Նացիստների քաղաքականությունից սարսափած ընտանիքը կարողացել է 1938 թվականին տեղափոխվել ԱՄՆ:

Գերմանիայում մնացած նրա բոլոր ազգականները հրեից Ողջակիզման՝ Հոլոքոսթի տարիներին սպանվել են:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է ամերիկյան բանակում, այդ թվում Գերմանիայում՝ որպես ռազմական հետախուզության թարգմանիչ գերմաներենից: 1945 թվականին Հեսսենի երկրամասում նշանակվել է դենացիֆիկացիայի հարցով պատասխանատու սպա: Արժանացել է Բրոնզե մեդալին:

Պատերազմից հետո ԱՄՆ-ում ավարտել է Հարվարդի համալսարանը: 1950-ականների երկրորդ կեսից սկսել է աշխատել քաղաքական տարբեր կառույցներում որպես անվտանգության հարցերով փորձագետ:

Ռիչարդ Նիքսոնի նախագահության օրոք 1969-1974 թվականներին նշանակվել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական և պետական քարտուղար: Այդ երկրորդ պաշտոնում մինչև 1977 թվականը շարունակել է աշխատաքը Ջերալդ Ֆորդի նախագահության օրոք:

Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր է: Պետական պաշտոններից հեռանալուց հետո դասավանդել է, հեղինակել է բազում աշխատություններ և գրքեր, տարբեր քաղաքական գիտահետազոտական հաստատություններում աշխատել է որպես խորհրդատու:

Խորհրդային Միության և հետագայում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում համարվել է «համարժեք գործնական կապերի և անհրաժեշտության պարագայում վճռական զսպման կողմնակից»:

2007 թվականին մի խումբ այլ վետերան դիվանագետների հետ Կոնգրեսին դիմել է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հորդորով:

Ուկրաինայի հարցում 2022 թվականին առաջարկել է «վիճելի տարածքներում անցկացնել հանրաքվե՝ միջազգային հսկողության ներքո», հորդորել է Կիևին որոշ զիջումների գնալ, ինչի համար նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից ենթարկվել է սուր քննադատության: