ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԿԽՄԿ նախագահը քննարկել են Արցախում հումանիտար ճգնաժամային իրավիճակը

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից գործադրվող ջանքերի մանրամասներն են քննարկել Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանը և ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերը երեկ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ:

Արտգործնախարարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության նորմերի ոտնահարմանը, այդ թվում՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին ընդունված որոշման կոպիտ խախտմամբ Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրմանը։ Այս համատեքստում նա կարևորել է Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիրական մարտահրավերների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ ակտիվ ներգրավվածությունը և անարգել հումանիտար հասանելիությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Ընդգծելով Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման և հայրենադարձման հրամայականը՝ Վահե Գևորգյանն արժևորել է նաև ԿԽՄԿ գործունեությունը միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կատարումն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում: