ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի ճանապարհի սկզբնամասում, անցակետի տեղակայումն Ադրբեջանի իրավունքն է:
Այդ մասին նա ասել է «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը զինված հակամարտություններում» թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմակերպած բաց բանավեճի ընթացքում:
«Սահմանային անցակետի ստեղծման վերաբերյալ կարող եմ հայտնել, որ դա Ադրբեջանի անվիճելի ինքնիշխան իրավունքն է: ՄԱԿ-ի ԱԽ-ն բազմիցս է հաստատել, որ սահմանների պաշտպանությունը ՄԱԿ-ի անդամ պետությունների իրավասությունն է», - ասել է Յաշար Ալիևը:
Նա պնդել է նաև, թե Ադրբեջանն, իբր, երբեք չի խոչընդոտել Լաչինի ճանապարհով մարդկանց տեղաշարժը, պարենի, դեղամիջոցների և հումանիտար նշանակության այլ բեռների փոխադրումը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների երթևեկությունը:
Ալիևի խոսքով՝ «կան այդ հանգամանքը հաստատող բազմաթիվ ապացույցներ, որոնք հերքում են Հայաստանի տարածած ապատեղեկատվությունը»:
Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ին է Լաչինի ճանապարհին տեղակայել սահմանային անցակետը, ինչը նախապես չի համաձայնեցրել ռուսական և հայկական կողմերի հետ: